Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը. ՀՀ Նախագահի ուղերձը

Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը. ՀՀ Նախագահի ուղերձը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ դիմում եմ մեր սիրելի մայրերին, քույրերին, դուստրերին, մեր բոլոր հարազատներին: Ձեր ջերմությամբ և գեղեցկությամբ դուք ներդաշնակ եք դարձնում աշխարհը:

Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: Նրանք ուսուցիչ են, բժիշկ, ձեռներեց ու պետական գործիչ, զինվորի մայր են ու զինվորական: Մեր ողջ հասարակության անունից ձեզ երախտագիտություն եմ հայտնում և գլուխ խոնարհում ձեր առջև:

Սիրելի՛ կանայք,

Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն:

Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Առողջ և ամուր ընտանիքը մեր ժողովրդի և երկրի հարստությունն է, իսկ այդ հարստության մշտարթուն պահապանը դուք եք, սիրելի՛ կանայք:

Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ բոլորիդ սեր և բարօրություն»,- ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նշված է ՀՀ Նախագահի ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում