Թուրքիան պետք է ճանաչի իր քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը

Թուրքիան պետք է ճանաչի իր քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը

Արդեն ժամանակն է, որ Թուրքիայի կառավարությունը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեւիների Եվրոպական խորհրդի փոխնախագահ, Ֆրանսիայի կառույցի նախագահ էլդար Քըլչքայան:

«Դրա համար պետք է միավորվեն աշխարհասփյուռ հայերի ու ալևիների և մյուս ժողովուրդների ջանքերը»,-ասաց նա:

էլդար Քըլչքայան հիշեցրեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հրապարակել էին հռչակագիր, իսկ այսօր արդեն պաշտոնական այց են կատարել Երեւան, այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել հայոց զոհերի հիշատակին, հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, հանդիպել են նաև ազգային փոքրամասնությունների քուրդ, եզդի, ասորի պատգամավորների հետ, ուսանողների հետ: Նրա խոսքով՝ այս այցի շրջանակում եզրակացրել են, որ ոչ հայերն են ալեւիներին բավականաչափ ճանաչում, ոչ էլ ալևիները՝ հայերին, եւ սա այն դեպքում, երբ հարյուրավոր տարիներ ապրել են կողք կողքի:

«Դարեր շարունակ Անատոլիայի ժողովուրդն ապրել է միեւնույն ճակատագրով: Նրանց սնել է նույն հողը, նույն օդն են շնչել. չնայած ալեւիների, հայերի, քրդերի, ասորաքաղկենդոնացիների այս ներդաշնակությանը, մշտապես փորձել են ոչնչացնել բազմազանության այս դրսեւորումները ամենադաժան մեթոդներով իրականացվող ձուլման քաղաքականության միջոցով: Նրանք խեղդեցին երկիրը արցունքներով ու արյամբ»,-հայտարարության տեքստը ներկայացրեց էլդար Քըլչքայան՝ ընդգծելով, որ այս այցով նրանք վճարում են այն պարտքը, որ ունեն Հրանտ Դինքի և այն հարյուրավոր հայերի հիշատակի առաջ: «Երբ թուրք զինվորները սպանում էին հայերին ու արտաքսում, ալևիները անում էին հնարավորը նրանց օգնելու համար: Մենք նրանց դահիճներին չէինք հանձնում: Բայց դժբախտաբար, մեզ չհաջողվեց փրկել բոլորին և կանխել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա եւ հավելեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո հաջորդը փաստորեն իրենց հերթն էր:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝ Արագած Ախոյանը հիշեցրեց, որ նախկինում այցելություններ են կատարել Արեւմտյան Հայաստան, վարել են հասարակության հետ համագործակցության եզրեր փնտրելու քաղաքականություն, եւ այդ այցերի շրջանակում առաջին շփումը եղել է հենց ալևիների հետ:

«Սկսեցինք իրականացնել մշակութային ծրագրեր՝ դրանք մեծացնելով դեպի Եվրոպա»,-տեղեկացրեց Արագած Ախոյանը եւ հավելեց, որ այսօր 2 մլն ալևիներ ապրում են Եվրոպայում, ինչը նշանակում է, որ թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդները, փաստորեն, վերագտնում են իրար և փորձում լուծումներ գտնել միասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում