Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն առաջնագծում կատարված աշխատանքները բավական լավ է գնահատում

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն առաջնագծում կատարված աշխատանքները բավական լավ է գնահատում

Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջնագծում շատ մեծ աշխատանք է կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 10-ին լրագրողների հետ զրույցում Պարգև սրբազանն ասաց, որ, այնուամենայնիվ, բանակում կատարելագործման կարիք միշտ կա:

«Ես հաճախ եմ առաջնագծով անցնում, հանդիպում, օրհնում ենք զինվորներին: Շատ մեծ աշխատանք է կատարվել այնտեղ: Դիվերսիոն ներթափանցման վերջին փորձը մեր կողմը կասեցրեց, քանի որ առաջնագիծը հագեցված է տեսախցիկներով: Նշանակում է՝ շատ ճիշտ աշխատանք է կատարվել: Սակայն, ինչ էլ անենք բանակի համար, դեռ անելիքներ լինելու են, քանի որ կատարելագործման կարիք միշտ կա բանակում: Իսկապես մեծ ջանք է թափվել, և ամեն օր այդ աշխատանքը շարունակվում է»,-ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Սրբազանի կարծիքով՝ հայերս պետք է իրատես և միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի: «Հակառակորդի կողմից պատերազմական գործողությունները չեն բացառվում: Եվ որքան հզոր լինենք մենք, այնքան մեզանից հեռու կլինեն նրանց ռազմական նախաձեռնությունները»,-նշեց նա:

Անդրադառնալով բանակի համար ամեն աշխատողից 1000 դրամ պահելուն՝ Պարգև սրբազանն ասաց, որ այն բոլորիս նվիրական և սուրբ պարտականությունն է: Այդ գումարը նվազագույնն է, որ կարող ենք անել: «Զինվորականներն իրենց կյանքն են տալիս, իսկ մենք՝ ամիսը 1000 դրամ: Առանց բանակ, չկա Հայաստան: «Ազգ-բանակ»-ը սուրբ նախաձեռնություն եմ համարում: Եվ այն պետք է հզորացնենք: Ամեն հայ պետք է լինի մեր ազգի, հայրենիքի, պետության զինվորը, այդ ժամանակ կլինենք անվտանգ»,-եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում