Վլադիմիր Աղայանի բաց նամակը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին

Վլադիմիր Աղայանի բաց նամակը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին

Մինչև նամակի բովանդակությանն անդրադառնալն ուզում եմ ներկայանալ թե ով եմ ես և ինչքանով եմ ճանաչում Արա Աբրահամյանին: Ես Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահն եմ և Արա Աբրահամյանի հետ աշխատում եմ հասարակական գործունեության դաշտում արդեն շուրջ 16 տարի: Շատ լավ եմ ճանաչում նրան թե՛ որպես գործարարի, թե՛ որպես բարեգործի ու հայրենասերի և թե՛ որպես հարուստ մարդու:

Ես ինքնանպատակ չեմ օգտագործում «հարուստ մարդ» հասկացությունը: Թեռևս կարիք չկա բացատրելու, որ այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև հոգևոր հարստության մասին է: Մեր ապրած ներկա ժամանակներում ի հայտ են եկել ոչ քիչ հանկարծակի հարստացած մարդիկ, որոնք ապրում են միայն իրենց և լավագույն դեպքում մտերիմների համար: Լեզուս չի պտտվում նրանց հարուստ անվանել, դրանք միայն փողատեր մարդիկ են: Այսօր կան մարդիկ, ովքեր, փող աշխատելով օգնում են մարդկանց: Օգնում են ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ հոգևոր ջերմությամբ, անկեղծ հոգածությամբ, բարի գործերով ու խոսքերով: Նրանք էլ հենց հարուստ մարդիկ են: Եվ ես այսօր ուզում եմ ներկայացնել նրանցից մեկին` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Նա բազմիցս տարբեր առիթներով նշել է. «Վատ է, երբ դու կարող ես օգնել մարդկանց, բայց չես օգնում: Աստված ինձ տվել է, որպեսզի ես կիսվեմ ուրիշների, կարիքավորների հետ»: Այսպես է Արա Աբրահամյանը հասկացել իր` որպես հարուստ մարդու առաքելությունը: Եվ այդպես էլ առ այսօր գործում է նա:

Պարո՛ն Ռ. Գրիգորյան, ես Ձեզ չեմ ճանաչում: Ձեր մասին իմ տպավորությունը ձևավորվել է Ա. Աբրահամյանի մասին ձեր հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության պարզաբանումներից, ձեր հայտարարության և դրան հաջորդած հրապարակումների տեքստերի բովանդակության հիման վրա, որտեղ Արա Աբրահամյանի մասին չարությունից ու կույր ատելությունից բխող անհիմն մեղադրանքներից բացի ես չգտա հոգևոր հարստության ինչ-որ տարր, որի շուրջ կարելի է ծավալվել: Ուստի կներեք ինձ, որ ես ձեզ հարուստ մարդ չեմ կարող անվանել: Դուք կարող եք լինել միայն փողատեր:

Չեմ ուզում խոսել ձեր բիզնես հարաբերությունների արդյունքում ստեղծված տարաձայնությունների և վեճի մասին: Դա իմ խնդիրը չէ: Կարծում եմ դրանով պետք է զբաղվեն Ռուսաստանի իրավապահ մարմինները: Բայց դուք, իմ կարծիքով, ճիշտ ճանապարհ չեք ընտրել: Բիզնեսում ծագած վեճը ձեր օգտին լուծելու նպատակով սկսել եք շինծու և մանկամիտ մեղադրանքներ՝ /«Ա.Աբրահամյանը շահարկում է Ռուսաստանի ղեկավարի անունը», «ռուսերեն չգիտի», «ռուս կին է ուզել, որպեսզի ռուսերեն սովորի…», «Երևանում նրա կողմից կառուցած ռուսական եկեղեցում մոմ վառող չկա»/ տարածել Ա. Աբրահամյանի մասին:

Պարո՛ն Գրիգորյան, Դուք նշում եք, որ «ամեն մի հայ մարդ ամոթից կարմրում է Ա. Աբրահամյանի ռուսերենի մակարդակի համար»: Սխալվում եք: Մենք բոլորս կարմրում ենք Աբրահամյանի մասին ձեր ներկայացրած անիմաստ մեղադրանքներից և ասում` կանգ ա՛ռ, փորձի՛ր բիզնես հարթության վրա ստեղծված վեճը լուծել քաղաքակիրթ ձևով:

Անկեղծ ասած ես չէի ուզում այս երևույթի մասին խոսել, ասել իմ անհատական կարծիքը: Կարծում եմ, որ նման անհիմն մեղադրանքները պետք է արհամարհել: Բայց ձեր հայտարարությունից և դրան հաջորդած համացանցային հրապարակումներից հետո, օրվա ընթացքում բազմաթիվ զանգեր եմ ստանում Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության բնագավառների աշխատողներից, բնակչության տարբեր խավերի բազմաթիվ ներկայացուցիչներից, որոնք մի հարց են տալիս` օգնեք մեզ հասկանալու թե ո՞վ է Ռ. Գրիգորյանը և ի՞նչ է ուզում մեր Արա Աբրահամյանից: Եվ իրոք, այդպես էլ ասում են մեր Արայից: Սա արդեն շատ բան է նշանակում: Սա նշանակում է, որ Արա Աբրահամյանը ճանաչված մարդ է իր հայրենիքում, որին սիրում, հարգում և հավատում են:

Ահա այդ հարցերին որոշ չափով պատասխանելու համար ես կփորձեմ քննարկել տեղի ունեցող երևույթը և այդ ֆոնի վրա ներկայացնել Աբրահամյանին, որպեսզի շահագրգռված մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը:

Ճանաչված գործարար, բարերար ու հայրենասեր Ա. Աբրահամյանի ակտիվ հասարակական գործունեությունն սկսվել է դեռևս 2000 -ից, երբ նա իր համախոհների հետ նախաձեռնեց և ստեղծեց «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը: Ես կասեի, որ դա պարզապես խիզախություն էր: Նոր հարյուրամյակի մարտահրավերների պայմաններում համահայկական խնդիրների հրատապությունը հրամայական էր դարձնում ներհամայնքային համախմբումից անցնել վերհամայնքային կառույցների ձևավորմանը: Այստեղ խոսքը ինքնակազմակերպման, համախմբման կազմակերպչական-ինստիտուցիոնալ որակապես նոր կառույցի մասին է:

Այսօր կարելի է ասել, որ Արա Աբրահամյանը և նրա կողմից ղեկավարվող կազմակերպությունը մեծ գործունեություն են ծավալել թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Հիշենք հայ օդաչուներին, որ Հասարակածային Գվինեայում հորինված մեղադրանքով դատապարտվել էին ցմահ բանտարկության: Ա. Աբրահամյանն առանց վարանելու միացավ նրանց ազատման գործին և անարդար դատվածներին ուղեկցեց մինչև Երևան և հանձնեց հարազատներին:

Երեք ամիս անց նա կրկին մասնակցեց Նիգերիայի բանտերում հայտնված Ռուսաստանի նավաստիների բաժին հասած դճբախտության կանխմանը: Միանգամայն բնական է, որ նման մարդասիրական բնավորությամբ օժտված գործարարի հետ բարեկամական հարաբերություններ կունենան ոչ միայն Ռուսաստանի, այլ շատ ու շատ երկրների ղեկավարներ: Եվ դա այդպես էլ կա: Մեր հայրենակցի նկատմամբ այդ վերաբերմունքի համար միայն պետք է հպարտանալ և ուրախանալ, այլ ոչ թե չարախոսել, բամբասել և փորձել այդ ամենը ներկայացնել ծուռ հայելու մեջ:

Ես կփորձեմ ներկայացնել նաև այն բազմաբնույթ ծրագրերից մի քանիսը, որոնք Արա Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով իրագործվել են Հայաստանում և Արցախում:

Նոր էր ստեղծվել Ռուսաստանի հայերի միությունը, երբ Արա Աբրահամյանն իր փոքրիկ հայրենիքում` Մալիշկայում, կառուցեց կրթամշակութային ամբողջական համալիր` հանրակրթական դպրոց, Սուրբ Աննայի եկեղեցին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան:

Արդեն ավելի քան 15 տարի է, ինչ Երևանում, Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցներով, գործում է բարեգործական ճաշարանը, որտեղ ամեն օր անվճար սնվում է 250 միայնակ և հաշմանդամ մեծահասակ:

Սոցիալական ուղղվածության նախագծերից է նաև «Կացարան» ծրագիրը, որի արդյունքում Ադրբեջանից բռնագաղթված փախստականների համար Արա Աբրահամյանի միջոցներով գնվել է երկու շենք՝ 130 բնակարանով, որոնք անհատույց տրամադրվել են փախստականների և աղետի գոտու տուժած 130 ընտանիքի:

Արցախը ևս իր հիմնախնդիրներով մշտապես գտնվել է Միության ուշադրության կենտրոնում: Բերեմ միայն մեկ օրինակ՝ Արա Աբրահամյանի միջոցներով Ստեփանակերտում կառուցվել և 2014-ին շահագործման է հանձնվել 650 աշակերտական տեղով նոր դպրոց, որի համար ներդրվել է շուրջ 5 մլն. դոլար:

Ռուսաստանի հայերի միությունը և նրա նախագահ Արա Աբրահամյանն առանձնահատուկ տեղ է հատկացրել հայ ժողովրդի առջև ծառացած գերակայություն ունեցող այնպիսի մի խնդրի, ինչպիսին աջակցությունն է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ստեղծել ամուր տնտեսական հիմք, դինամիկ զարգացող էկոնոմիկա` ընդգրկելով Սփյուռքի հսկայական ներուժը: Հենց այդ նպատակն էլ ելակետ ընդունելով` Ռուսաստանի հայերի միությունը 2004-ից Հայաստանում անց է կացնում Հայ-ռուսական ներդրումային համաժողովներ: 2016 թ. Երևանում անցկացվեց Եվրասիական գործընկերության միջազգային առաջին ֆորումը: Ավելի ներկայացուցչական էր 2017-ին կազմակերպված երկրորդ ֆորումը, որի ընթացքում ստորագրվեցին ներդրումային մի շարք պայմանագրեր:

Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա ապրիլին, ՀՀ պաշտպանության և Սփյուռքի նախարարությունների հետ, Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանում աշխատող գործարարների համաժողով, որտեղ կքննարկվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման գործում հայ գործարարների մասնակցության խնդիրները: Իսկ խնդիրները շատ են, որոնց լուծումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կկանխի համայքներից բնակչության արտագաղթը:

Հարգելի՛ պարոն Գրիգորյան, առաջարկում եմ դուք էլ փորձեք, ձեր ուժերի հնարավորության սահմաններում, մասնակցել սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերի իրագործմանը, ներդրումների միջոցով ստեղծել գոնե 10 աշխատատեղ: Կարծում եմ դա ավելի օգտակար կլինի, քան անիմաստ մեղադրանքներ ներկայացնելն այդ հարցերում բարձր ակտիվություն ցուցաբերող գործարարին:

Անհրաժեշտ եմ համարում հիշատակել նաև «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» ծրագիրը, որը հիմնականում իրագործվել է Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ: Դա ռազմավարական նշանակություն ունեցող և Հայաստանի ապագային միտված ծրագիր էր, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի ավելի քան 700 դպրոցներում, բուհերում, ուսումնական այլ հաստատություններում բացվեցին համակարգչային դասարաններ ու լսարաններ: Յուրաքանչյուր համակարգչային դասարան հագեցվել է նվազագույնը 5 համակարգչով, իսկ բուհական լսարաններին տրամադրվել է 15-20-ական համակարգիչ: Եթե դրան ավելացնենք նաև, որ 450 համակարգիչ են տրամադրվել հանրապետության Ազգային բանակի զինվորական ստորաբաժանումներին, իսկ հանրապետության մարզերում ստեղծված համակարգչային ուսուցման կենտրոններին` 400 համակարգիչ, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի հսկայական միջոցներ են տրամադրվել ծրագրի իրականացմանը:

Պարո՛ն Գրիգորյան, դուք ձեր նամակներում շոշափում եք նաև Հայոց ցեղասպանության հարցը: Ի գիտություն ձեզ հայտնում եմ, որ Ռուսաստանի հայերի միությունը մեծ տեղ է հատկացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացներին: Միությանը կից Մոսկվայում ստեղծվել է Միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտ, որը դարձել է Հայոց ցեղասպանության հարցերի ուսումնասիրման յուրահատուկ կենտրոն:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Արա Աբրահամյանի միջոցներով հրատարակվել են մի քանի տասնյակ գրքեր: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Յուրի Բարսեղովի «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» եռահատոր աշխատությունը և «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ» երկհատորյակը:

Ռուսաստանի հայերի միությունն ստեղծման իսկ օրից սկսել է համագործակցել Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի, ստեղծագործական միությունների հետ և փորձել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որոնցով կարելի է օժանդակել երկրի գիտական և ստեղծագործական մտավորականության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, երկրի մտավոր կյանքի աշխուժացմանը:

ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ համատեղ ստեղծվել է Գիտության զարգացման հիմնադրամը, Գրողների միության հետ` Գրականության զարգացման հիմնադրամը: Նշված երկու հիմնադրամում էլ առաջին խոշոր ներդրումն արել է Արա Աբրահամյանը:

Այսօր գիտական և ստեղծագործական մտավորականության միջավայրում մեծ համբավ է վայելում Արա Աբրահամյանի կողմից անցկացվող գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների, արդեն բարի ավանդույթ դարձած մրցանակաբաշխությունը, որը անց է կացվում 2007-ից:

Պարո՛ն Գրիգորյան, ավելորդ չենք համարում ձեզ համար նշել, որ «ռուսերենին վատ տիրապետող» Արա Աբրահամյանը մեծ տեղ է հատկացնում և լուրջ ֆինանսներ ներդնում ռուսաց լեզվի և մշակույթի մասսայականացմանը: Սկսած 2002-ից անց է կացվում ռուսաց լեզվի միջազգային մրցույթներ` ԱՊՀ և Բալթյան երկրների ազգային հանրակրթական դպրոցների ավարտական դասարանցիների համար: «Ռուսաստանը և ռուսաց լեզուն իմ կյանքում» նշանաբանով իրականացվող այս մրցույթի առաջին փուլն անց է կացվում տեղերում, իսկ ավարտականը` Հայաստանում: Մրցույթների 60 հաղթող առանց ընդունելության քննությունների ընդունվել և անվճար սովորել են Ռուսաստանի բուհերում:

2010-ից Հայաստանի բոլոր դպրոցներում անց է կացվում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոն: Փառատոնի շրջանակներում, բացի երգի մրցույթից, անց են կացվում Ռուսաց լեզվի և մշակույթի օրեր, որի ընթացքում դպրոցներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ասմունքի երեկոներ, ռուսաց լեզվով շարադրություններ և այլն: Այսինքն դպրոցներում ստեղծվում է մի հարթակ, որտեղ երեխաները, ելնելով իրենց նախասիրություններից, կարողանում են ակտիվորեն մասնակցել փառատոնի միջոցառումներին:

Այդ փառատոնի անցկացման համար Արա Աբրահամյանը ծախսում է միլիոնավոր ռուբլիներ: Պարո՛ն Գրիգորյան, ինչպես երևում է դուք շատ եք մտահոգված ռուսաց լեզվին տիրապետելու խնդիրներով: Այս տարի անց ենք կացնում V փառատոնը, միգուցե կկամենա՞ք մասնակցել փառատոնի ֆինանսավորմանը:

Իհարկե, կան նաև ուրիշ հետաքրքիր ծրագրեր, ինչպիսիք են «Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում և Արցախում», ուսանողների և բարձր դասարանցիների համար անցկացվող «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» գրական միջազգային մրցույթը և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց թվարկումը կկազմի մի քանի տասնյակ էջ:

Յուրաքանչյուր տարի միայն Ռուսաստանի հայերի միության Հայաստանյան մասնաճյուղն ստանում է հարյուրավոր նամակներ, ուղղված Արա Աբրահամյանին: Այդ նամակների հեղինակները Հայաստանի բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներ են, հասարակական կազմակերպություններ, տարբեր ոլորտների կառույցներ: Նամակների հեղինակները հիմնականում խնդրում են ֆինանսական աջակցություն: Այդ նամակների քանակը մեկ անգամ ևս վկայում է, որ մարդիկ ճանաչում և համոզված են, որ հնարավորության սահմաններում Արա Աբրահամյանը միշտ էլ օգնության ձեռք կմեկնի:

Կցանկանայի Արա Աբրահամյանի անձի հետ կապված մի հետաքրքիր երևույթի մասին ևս խոսել: Շատ դեպքերում նա չի սպասում նամակի կամ գրավոր խնդրանքի, այլ գործում է իր մարդկային, բարոյական խղճի թելադրանքով: Այսպես, նա «Հ1» հեռուստաալիքով լսելով, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհվել է գյուղացիներից մեկի տունը, անմիջապեա զանգահարում է ինձ և հանձնարարում ուսումնասիրել, թե ինչքան գումար է անհրաժեշտ այդ տունը վերականգնելու համար: Հաջորդ օրը նա ուղարկում է այդ գումարը, որը մենք նախկին մարզպետի հետ Կիրանց գյուղում հանձնեցինք տուժած ընտանիքին:

Մեկ այլ դեպք. կրկին հեռուստացույցով լսում է, որ Լոռվա մարզի գյուղերից մեկում գայլերը հարձակվել և հոշոտել են գյուղացիների ոչխարները: Հաջորդ օրը` նորից զանգ և հերթական հանձնարարությունը, որի արդյուքնում նրա ուղարկած գումարը մարզպետարանի միջոցով հանձնվեց գյուղացիներին՝ ոչխարների գլխաքանակը վերականգնելու համար:

Դրանք եզակի օրինակներ չեն:

Պարո՛ն Ռ. Գրիգորյան, ես փորձեցի համառոտակի ներկայացնել Արա Աբրահամյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում: Դուք փորձեք այդ ամենի համատեքստում քննարկել ձեր արածները հայրենիքի համար և նոր միայն գրիչ վերցնել ու գրել ուրիշների մասին:

Վլադիմիր Աղայան՝
Ռուսաստանի հայերի միության և
Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ

Աղբյուրը՝ Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում