Երեւանում քննարկում են Վուդրո Վիլսոնի հուշարձան տեղադրելու առաջարկը

Երեւանում քննարկում են Վուդրո Վիլսոնի հուշարձան տեղադրելու առաջարկը

Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը:

Հարցն ընդգրկված է Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստի օրակարգում:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածն ավագանու անդամներն առաջարկում են վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ:

Վուդրո Թոմաս Վիլսոնը ծնվել է 1856 թվականի դեկտեմբերի 28-ին, ԱՄՆ Վիրջինիա նահանգի Սթանթոն քաղաքում: Եղել է ԱՄՆ 28-րդ նախագահը (1913- 1921 թվականներ)՝ դեմոկրատական կուսակցությունից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1919 թվական), պատմաբան, քաղաքագետ:

Վիլսոնը Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ Հայաստանի հզորացմանը հետամուտ գործիչ էր։ Հայ ժողովրդին Վիլսոնը հայտնի է հատկապես 1920 թվականի նոյեմբերի 22-ի` «ԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի` դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» Իրավարար վճռով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա: Իրավարար վճիռը համարվում է պաշտոնական փաստաթուղթ և Վիլսոնի կողմից սահմանագծված Թուրքիայի և Հայաստանի սահմանագծի ամբողջական նկարագիրն է, նաև հանդիսանում է Միջին Արևելքում տարածաշրջանային քաղաքական քարտեզի նորովի ձևավորման հիմք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում