Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումներն Աֆրինում

Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումներն Աֆրինում

ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումները սիրիական Աֆրինում, ինչի հետևանքով արդեն զոհվել է շուրջ 200 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնում է theregion.org-ը:

«Ես տեղեկություն եմ ստացել այն մասին, որ քրդերով, եզդիներով և քրիստոնյաներով բնակեցված Աֆրինը բոլոր կողմերից կրակի տակ է: Միայն մեկ ճանապարհ կա, որով մարդիկ կարող են լքել քաղաքը: Սպանվել են 200 քաղաքացիական անձինք, այդ թվում և 3 եզդի երեխա: Սրբավայրերն ու հավատամքի տեղերը ավերվել են կամ բռնի կերպով վերածվել մզկիթների: Մարդկանց տները թալանվում են, փոքրամասնությունները հրապարակայնորեն նվաստացվում են ծայրահեղ ազգայնականների կողմից»,- ասվում է Մուրադի հայտարարության մեջ:

Նա Աֆրինում տեղի ունեցող իրադարձություններից շատերն անվանել է պատերազմական հանցագործություն, որը պետք է վավերագրվի: «Այս սարսափը նմանեցնում է Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման նախնական գործողություններին: Բժշկական և առողջապահական ծառայությունների հրատապ անհրաժեշտություն կա: Այս իրադրությունը կանխատեսում է էթնիկ զտումներ և ցեղասպանություն»,- ընդգծել է Մուրադը:

Նա դիմել է ՄԱԿ-ին, ԵՄ-ին պահանջելով բոլոր կողմերին հարգել քաղաքացիական բնակչության իրավունքներն ու աշխատել հրադադարի ուղղությամբ: «Ժամանակն է բուժել վերքերը, խուսափել հետագա լարումներից և Իրաքում ու Սիրիայում վերադառնալ բնականոն կյանքին»,- եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում