Թբիլիսիի հայկական թատրոնը վերակառուցումից հետո նոր շունչ կստանա

Թբիլիսիի հայկական թատրոնը վերակառուցումից հետո նոր շունչ կստանա

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը երկար ընդմիջումից հետո իր դռները կբացի թատերասերների առաջ նոր, ժամանակակից դահլիճով` ձայնային, նոր ճեմասրահով և զինված լուսային լավագույն տեխնիկայով: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

«Շենքն ամբողջությամբ կքանդվի և կվերակառուցվի 1936 թվականի նախագծով: Եթե շենքի վերանորոգումը տևելու էր երկու տարի ինը ամիս, վերակառուցման դեպքում մեկ տարի կխնայվի: Այն քանդելը կտևի երեք ամիս, և մինչ այս տարվա դեկտեմբերի 28-ը պատրաստ կլինի շենքի կմախքը: Իսկ ներքին աշխատանքները կավարտվեն մեկ տարի և մի քանի ամիս անց: Մեր թատրոնի շենքը կդառնա Վրաստանի լավագույն թատերական շենքերից մեկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Բայանդուրյանը:

Թատրոնի վերակառուցումից հետո նախատեսվում է այնտեղ թանգարան բացել, քանի որ թատրոնն ունի 162 տարվա պատմության ընթացքում կուտակած մեծ արխիվ, որը կարելի է ցուցադրել թատերասերներին:

Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքը կառուցվել է 1936 թվականին: Յոթ տարի առաջ թատրոնի շենքի վրա ճեղքեր են հայտնվել: Սեյսմիկ կենտրոնից հրավիրված մասնագետները, ստուգելով շենքի վիճակը, պարզել են, որ այն վթարային է, և այնտեղ չի կարելի ներկայացումներ խաղալ: Թատրոնի ղեկավարությունը բազմիցս դիմել է Վրաստանի իշխանություններին հարցի կարգավորման համար, սակայն թատրոնի վերանորոգման խնդիրը ձգձգվել է:

Վրաստանի նախկին վարչապետ, բարերար Բիձինա Իվանիշվիլին շենքի խնդիրների լուծման ողջ ֆինանսական ծանրությունն իր վրա է վերցրել, և 2017-ի օգոստոսին մեկնարկել են շենքի վերանորոգման աշխատանքները: Պարզվել է, որ այն չափազանց վթարված է և նորոգման դեպքում հետո ստիպված կլինեն նորից նորոգել: Որոշվել է քանդել թատրոնը, վերակառուցել այն` պահպանելով հին նախագիծը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում