Թուրքիան մտադիր չէ հրաժարվել սիրիական Մանբիջում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու որոշումից

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել սիրիական Մանբիջում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու որոշումից

Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Եթե անգամ մենք չկարողանաք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է և վճռականորեն իրագործելու է այն»,-նշել է Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Բոզդաղը հայտարարել է, որ Մևլութ Չավուշօղլուն այս թեմայով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, ինչից հետո պարզ կլինեն բանակցությունների վերջնական արդյունքները:

«Անշուշտ, թուրք-ամերիկյան բանակցությունները որոշակի արդյունքներ տվել են: Սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Թուրքիան չի հանդուրժելու ոչ քուրդ, ոչ էլ իսլամիստ ահաբեկիչներին: բանակցության արդյունքներից մանրամասներ չեմ բացահայտի, սակայն կնշեմ, որ Թուրքիայի դիրքորոշումը խիստ հստակ և վճռական է: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս հարցով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, և դրանից հետո պարզ կլինեն բանակցությունների արդյունքները»,-հավելել է Բոզդաղը:

Բոզդաղը նշել է նաև, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը հաղթահարելու միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրված խոստումների կատարումն է:

«Պարզ է, որ փոխադարձ վստահության ճգնաժամ է, լարվածությունը թուլացնելու միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից տրված խոստումների կատարումն է»,-նշել է Բոզդաղը:

Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք:

ԱՄՆ-ը քննարկում Է այդ առաջարկությունը, որն արվել է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում, հաղորդել էր ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում