Առափի համայնքում սողանքի ակտիվ գոտում 120 բնակելի տուն կա

Առափի համայնքում սողանքի ակտիվ գոտում 120 բնակելի տուն կա

Շիրակի մարզի Առափի համայնքում սողանքի ակտիվ գոտում գտնվում է 120 բնակելի տուն, որից մեկն էլ 4-րդ կարգի վթարային է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանը:

«Երևանից ժամանած մասնագետներն ամբողջ գոտին ուսումնասիրել են և բոլոր տների վթարայնության կարգը տրվել է: Ներկայումս ունենք 4-րդ կարգի վթարային ընդամենը մեկ տուն և գումարի հատուցման գործընթացը ուժի մեջ է: Մարզպետարանը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրի մասին տեղյակ են` իրենց ներկայացուցիչները նույնպես ուսումնասիրել են տունը»,– ասաց Այվազյան:

Նրա խոսքով` սողանքի հետևանքները մեղմելու համար 2016 թվականին Ճապոնիայի դրամաշնորհի միջոցով կառուցվել է 1.7 կմ երկարությամբ ջրահեռացման ցանց:

«Այդ խնդիրը մեր համայնքում առաջացել է շատ վաղուց: Սողանքային երևույթները չեզոքացնելը շատ դժվար է, սակայն այն մեղմելու համար կազմակերպվում են միջոցառումներ: Դրանցից մեկը ջրահեռացման ցանցի կառուցումն էր, որը մեկուսացնում է տարածքից ստորգետնյա ջրերը: Բացի այդ, 5-6 տարի առաջ 4-րդ կարգի վթարային տներում բնակվող 11 ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից գումար է հատկացվել նոր տուն գնելու համար», –նշեց Այվազյանը:

«Արմենպրես»-ը ՀՀ ԱԻՆ պատասխանատուներից կներկայացնի մանրամասներ՝ կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում