ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:

«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող շուրջ 200 հայեր սպանվել են, բռնաբարվել, խեղվել և անգամ կենդանի այրվել՝ առանց պատճառի, բացի իրենց էթնիկ պատկանելությունից: Այդ անիմաստ բռնությունը հրահրվել էր ադրբեջանական պաշտոնյաների և քաղաքացիների թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ՝ այդ անմեղ նահատակների դեմ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները թաքցնելու համար: Ավելի անհանգստացնող է այն, որ այդ իրադարձությունները կազմակերպողները մինչ այժմ համարվում է ազգային հերոսներ»,- ասել է Ֆրենկ Փալոնեն:

Միաժամանակ, կոնգրեսականն ընդգծել է, որ շարունակելու է Կոնգրեսի իր գործընկերների հետ աշխատել՝ հիշատակելու Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների զոհերին և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին մեկշաբաթյա այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ են նախատեսված Կոնգրեսում՝ քննարկելու արցախա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում