ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչները Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ մարտի 13-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կոմիտեի ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ:

Նրանք շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ ոչ առաջին անգամ գտնվելով այս հուշահամալիրում, ավելի ու ավելի է զգում հայ ժողովրդի վերապրած ողբերգությունը:

«Ես առաջին անգամ չէ, որ գտնվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և խոստովանում եմ, որ ավելի ուժեղ եմ զգում հայ ժողովրդի ցավը և հասկանում այն բոլոր փորձությունները, որոնց առջև նրանք կանգել են 20-րդ դարում և նախորդ դարերում:

Հավե՛րժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Փա՜ռք հայ ժողովրդին, որ կարողացել է վերապրել, գոյատևել, պահպանել հիշողությունը և բազմապատկել նախնիների սխրանքները: Ես շատ եմ սիրում Հայաստանը և հպարտ եմ, որ մեր միջխորհրդարանական կապերն ավելի ու ավելի են ամրապնդվում: Այդ հարաբերություններում բավականին ճշգրիտ են երկու ժողովուրդների ու երկրների ընկալումները ընդհանուր պատմության հետ կապված, ինչպես նաև ժամանակից աշխարհում միմյանց օգնելու և պաշտպանելու մեր պատրաստակամությունը: Կարծում եմ, դա կարևոր է ոչ միայն երկու երկրների համար, այլ նաև աշխարհում խաղաղություն և անվտանգություն պահպանելու առումով, որտեղ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են տեսանելի և առանցքային դեր խաղալ»,- ընդգծեց Կոսաչովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում