«Ժողովուրդ». Բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն, որում Կարեն Կարապետյանը չկա

«Ժողովուրդ». Բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն, որում Կարեն Կարապետյանը չկա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու: Չնայած պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացված են ՀՀ վարչապետի ձեռքում, և ըստ էության վարչապետն է լինելու պետության իրական ղեկավարը, սակայն «Պետական արարողակարգի մասին» օրենքի նախագծի համաձայն` նա լինելու է երկրի երկրորդ պաշտոնյան:

Առաջին պաշտոնյան համարվում է ՀՀ նախագահը, որը չնայած խիստ սահմանափակ, սիմվոլիկ լիազորություններին` նոր Սահմանադրության համաձայն` պետության գլուխն է համարվում: Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք մի իրողության, երբ Արմեն Սարգսյանը չմասնակցի տարբեր պաշտոնական միջոցառումների, որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը լինի «առաջին ջութակը»:

Մանավանդ օրինագծում հետաքրքիր նրբություն կա. «Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցերի ժամանակ Հանրապետության Նախագահը մասնակցում է միայն իր անունից տրվող ընդունելություններին»: Ի դեպ, չնայած նախագահն է ստորագրելու միջազգային պայմանագրերը, սակայն օրինագծով նախատեսված է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու վարչապետի ներկայությամբ. այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, վերահսկելու է պետության գլխին:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, որը շուտով զբաղեցնելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա նա երրորդ պլան է մղվելու: Ըստ արարողակարգի` առաջին փոխվարչապետը միայն վեցերորդ պաշտոնյան է լինելու` հաջորդելով ոչ միայն ՍԴ նախագահին, այլև Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Ստացվում է՝ պետության համար կարևորություն ներկայացնող և արարողակարգային համարվող առաջին հինգ պաշտոնյաների թվում Կարեն Կարապետյանը չի լինելու»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում