Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո»-ի եթերում հեռարձակված հարցազրույցը կին դատապարտյալների հետ

Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո»-ի եթերում հեռարձակված հարցազրույցը կին դատապարտյալների հետ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցը: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

«Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշեց Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե որն էր առաջին դեպքը:

Մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը հումորային համատեքստով հարցազրույց է վերցրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների հետ: Համացանցում մի շարք օգտատերեր,իրավապաշտպաններ և լրագրողներ նշել են, որ դատապարտելի է խոցելի խմբի հետ նման ձևաչափով հարցազրույց անցկացնելը և նրանց ծաղրի առարկա դարձնելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում