Արման Թաթոյանը խնդիր է տեսնում պատժի և վաղաժամկետ ազատ արձակման համակարգերում

Արման Թաթոյանը խնդիր է տեսնում պատժի և վաղաժամկետ ազատ արձակման համակարգերում

Հայաստանում քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները արդիական են, և Քրեական օրենսգիրքը այդ ոլորտում ունի անփոխարինելի դերակատարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները արդիական և մարդու իրավունքների տեսանկյունից ամենառիսկայինն են: Քրեական օրենսգիրքը այս ոլորտում ունի անփոխարինելի դերակատարություն, մասնավորապես` այս օրենսգիրքը նպատակ պետք է ունենա ապահովելու անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից: Դրա հետ մեկտեղ պետք է նաև պայմաններ ստեղծվի հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար»,– ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց նաև քրեական օրենսգրքի դերակատարությունը հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշպանության տեսանկյունից:

«Այդ առումով զգալի նշանակություն ունի այն, թե ինչպիսի քրեաիրավական ներգործության միջոցներ կսահմանվեն նոր Քրեական օրենսգրքում: Գաղտնիք չէ, որ այսօր իրավակիրառ պրակտիկայում մենք ունենք խնդիրներ: Ունենք խնդիրներ՝ կապված պատժի համակարգի հետ, որը, կարծում եմ, ոչ ճկուն մեխանիզմների պատճառով հաճախ քրեակատարողական հիմնարկներում ստեղծում է գերբեռնվածություն, մինչդեռ պետք է լինեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք կխթանեն իրավունքների ապահովման վիճակի բարելումը»,- նշեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով`գործող քրեական օրենսգիրքը հաճախ լրացվում էր դրվագային փոփոխություններով, և համակարգային տրամաբանության առանձնահատկությունները հաշվի չէին առնվում:

«Օրինակ` պատժի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը շարունակաբար ենթարկվել է փոփոխությունների և այդպես էլ չի հաջողվել ունենալ լիարժեք արդյունավետ համակարգ և հասնել նրան, որ այդ համակարգը երկրում գործի պատշաճ կերպով: Այդ առումով քրեական օրենսգիրքը ունի կարևորագույն դերակատարություն»,- ընդգծեց Թաթոյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում