Արման Թաթոյանը սկզբունքային է համարում դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու աշխատանքների իրականացումը

Արման Թաթոյանը սկզբունքային է համարում դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու աշխատանքների իրականացումը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորագույն սկզբունք է համարում քրեակատարողական հիմնարկում հայտնվելու առաջին իսկ օրվանից սկսած դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու աշխատանքների իրականացումը: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ընդգծում է, որ անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանքներ չի տանում դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու ուղղությամբ և պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկման ժամանակ հայտարարում է, թե նա պատրաստ չէ ազատ արձակման: «Մինչդեռ այդ ընթացքում պետք է ամուր լինեն ընտանիքի հետ կապերը, պետք է ինտենսիվ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տարվեն, աշխատանքի հնարավորություն պետք է լինի և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հստակեցրեց, որ իրենք մշակել են օրենսդրական փաթեթ, որտեղ առաջարկում են ընտանիքի հետ դատապարտյալի կապի ամրապնդման համար բարեփոխել Հայաստանի ողջ օրենսդրական համակարգը: «Առաջարկում ենք մի մոտեցում, որ ինքնին նախաքննության փաստը չի կարող հիմք դառնալ կալանավորի ընտանիքի հետ կապը սահմանափակելու համար: Դրանից բացի, պետք է անընդհատ դա վերանայվի` անկախ նրանից ցանկանո՞ւմ է անձը դա, թե ոչ: Այսօր, օրինակ, քննիչը գրությամբ սահմանափակում է, և վերջ, դա այլևս վերանայման ենթակա չէ, ժամկետով էլ սահմանափակված չէ: Սա շատ կարևոր է, որ անընդհատ լինի ժամկետային սահմանափակում և անընդհատ վերանայվի»,- մանրամասնեց Արման Թաթոյանը:

Նա հավելեց, որ առաջարկում են նաև դատական ուժեղ վերահսկողություն և դատախազական հսկողություն լինի վերը նշված միջոցի կապակցությամբ: Արման Թաթոյանը հստակեցրեց, որ Քրեական օրենսգիրքը պետք է ստեղծի պայմանական վաղաժամկետ ազատման հիմքերը, հստակ և ճկուն համակարգեր նշի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում