Մասնագետները երաշտի մասին կանխատեսումներ անելը վաղաժամ են համարում

Մասնագետները երաշտի մասին կանխատեսումներ անելը վաղաժամ են համարում

Հանրապետությունում երաշտի մասին կանխատեսումներ հնարավոր կլինի անել մարտի վերջին: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կառավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում երաշտից հնարավորինս խուսափելու համար: «Դիտարկվում է Արարատյան դաշտում ձկնաբուծարաններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործման հնարավորությունը: Քայլեր են ձեռնարկվում նաեւ շարժական պոմպակայանների ձեռքբերման առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով ջրամբարներին՝ Դավթյանն ասաց, որ 15 խոշոր ջրամբարների մասով, նախորդ տարվա այսօրվա դրությամբ, 58 միլիոն խորանարդ մետրով ջրի դիֆիցիտ կա: «Նախնական կանխատեսմամբ, մենք ամռանը պետք է այս սակավաջրությունը չզգանք»,-հավելեց նա:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն էլ մտահոգություն հայտնեց, որ երաշտը հավանական է, բայց այսօր երկարաժամկետ կանխատեսումներ անել որեւէ երկրում հնարավոր չէ: Անդրադառնալով գետերը ոռոգման նպատակով օգտագործելու հարցին՝ Դանիելյանն ասաց, որ դրանք բավականաչափ աղտոտված են եւ պիտանի չեն ոռոգման նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում