ՀՀ քրեական նոր օրենսգրքի մշակման համար Հայաստանը ԵՄ-ից ստացել է 900 հազար եվրոյի աջակցություն

ՀՀ քրեական նոր օրենսգրքի մշակման համար Հայաստանը ԵՄ-ից ստացել է 900 հազար եվրոյի աջակցություն

Եվրոպական միության համար կարևոր է անցումային փուլում գտնող Հայաստանին աջակցելը: Մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում այս ծրագրին` 900 հազար եվրոյի չափով: Այսօրվա միջոցառումը կարևոր է Եվրամիության համար: Հայաստանին աջակցելը մեզ համար բացարձակապես առաջնահերթ խնդիր է: Հայաստանը շատ կարևոր անցումային փուլում է գտնվում, որը կապված է մի շարք կարևոր նախաձեռնությունների հետ, մասնավորապես`Հայաստանում բարեփոխումները խորացնելու ուղղությամբ:

Արդարադատության նախարարությունը շատ կարճ ժամանակահատվածում մի շարք կարևոր նախագծեր է մշակել և, կարծում եմ, նրանք իրենց գործը արդյունավետ կատարել են: Եվրամիության ներկայացուցիչների և անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպումների ժամանակ մենք միշտ շեշտում ենք, որ դատաիրավական բարեփոխումները առաջնային են բարեփոխումների ցանկում, և մենք ամեն ինչ անում ենք այդ հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելու համար»,- ընդգծեց Սվիտալսկին:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով` ՀՀ Քրեական նոր օրենսգրքի ընդունումը Հայաստանի պարտավորությունների շարքում է Եվրախորհրդի անդամ դառնալուց ի վեր:

«Այդ ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել գործող Քրեական օրենսգրքում: Եվրախորհուրդը տարբեր դրույթների վերաբերյալ բազմաթիվ խորհդակցություններ է անցկացրել Քրեական օրենսգրքի նախագծի հետ աշխատող խմբի հետ»,- ասաց Վուտովան:

Մարտի 14-ին կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում շահառուների լայն շրջանակներ հնարավորություն ունեցան քննարկել ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև հանդես գալ առաջարկներով: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ միջոցառման մասնակիցները և ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները արդյունավետ քննարկումներ ծավալեցին ԵԽ միջազգային փորձագետների հետ: Քննարկման մասնակիցները բարձրացրեցին կարևորագույն հարցեր և հանդես եկան կոնկրետ առաջարկներով` ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծի որոշ հակասական դրույթները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու նպատակով: Այսպիսով , կնվազեցվի տարաբնույթ մեկնաբանությունների հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերության հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում