Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի մի քանի մարզերում սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի մի քանի մարզերում սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում

Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում՝ նպատակ ունենալով զարգացնել հատկապես առողջապահության և կրթության ոլորտները։

Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունն ուղղված է նաև աղետների կանխարգելման միջոցների ձեռնարկմանը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջոցով 2018 թվականին իրականացնում է դրամաշնորհային 6 ծրագիր։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի զարգացմանն ու բարելավմանը։ Այս տարի Ճապոնիայի կառավարությունը 6 նոր ծրագիր է հաստատել։ Մեր երկրի կառավարության առաջնահերթություններից են առողջապահության և կրթության ոլորտները։ Այս տարի մենք այդ 6 ծրագրի համար հատկացրել ենք 400 հազար ԱՄՆ դոլար։ Երկու տարի առաջվա համեմատ այս թիվը բավականին բարձր է»,- նշեց Տագուչին։

Նախագծերից մեկն իրականացվել է Արարատի մարզի Ղուկասավան գյուղում, որտեղ IT կենտրոն է ստեղծվելու, որի շենքի կառուցման համար է գումար հատկացվում և տրամադրվելու են նաև համակարգիչներ և պրոեկտորներ։

«Մեր այլ նախագծերից են՝ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում տարեցների համար կենցաղային ծառայությունների ապահովումը՝ տրամադրելով հատուկ մեքենաներ և սարքավորումներ։ Սպիտակ քաղաքում դպրոցի ջեռուցումն ենք ապահովել` հիմնված արևային էներգիայի համակարգի վրա, և դրանով իսկ սպառումն է պակասելու։ Լոռու մարզի տարբեր քաղաքների 4 մանկապարտեզի բակերում խաղահրապարակներ են կառուցվելու։ Սիրիահայերին աջակցելու ենք, որպեսզի նրանք կարողանան աշխատեցնել իրենց «Ալեպպո Քուիզին» կենտրոնը, Հայաստանում լսողության նորածնային սկրինինգի ծրագիրն է ընդլայնվելու՝ ձեռք են բերվելու ախտորոշիչ սարքավորումներ»,- եզրափակեց Էյջի Տագուչին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում