«Փաստ». Ամենախնայողը ԱԺ աշխատակազմն է

«Փաստ». Ամենախնայողը ԱԺ աշխատակազմն է

«Փաստ»-ը գրում է. «Գործադիր մարմնում գրեթե ամեն տարի քննարկվում է պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատման հարցը, մշակվում և իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնցից, թերևս, ամենաքննարկվողներից էր օպտիմալացման ծրագրի շրջանակներում ծառայողական մեքենաների կրճատումը: Ուսումնասիրելով այս տարվա դուրս գրված և հետ վերադարձված ավտոմեքենաների ցանկը` պետք է նշենք, որ կրճատվել է 27 միավոր տրանսպորտային միջոց, որի զգալի մասը` 13–ը, միայն ՀՀ Ազգային ժողովից, երկրորդ տեղում Կոտայքի մարզպետարանն է 5 կրճատված մեքենայով: Մյուս գերատեսչությունները ընդամենը 3 և 1–ական մեքենաներից են հրաժարվել: Փաստորեն ստացվում է, որ խնայողությունների հիմնական բաժինն իր ուսերին է վերցրել հենց Ազգային ժողովի աշխատակազմը։

Ուշագրավ է նաև, որ Ազգային ժողովը ցանկում աչքի է ընկնում ոչ միայն կրճատված մեքենաների քանակի զգալի առավելությամբ, այլ նաև մի ուշագրավ փաստով ևս, որը չվրիպեց մեր ուշադրությունից: Խորհրդարանի կրճատված մեքենաների թվում էր 1971 թ. արտադրության ԳԱԶ–13 «Чайка» մակնիշի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը 100000–120000 դոլար է ռուսական ավտոմեքենաների վաճառքի կայքերում: …Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պետական բյուջե է վերադարձրել 140000–ից 170000 ԱՄՆ դոլար: Փաստացի ստացվում է, որ Կառավարության բյուջեի ծախսերի օպտիմալացման ծրագիրն ամենահաջող կերպով իրականացնողն օրենսդիր մարմնի աշխատակազմն է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում