Ադրբեջանը դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Ադրբեջանը դիտարկման ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 15-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։ Այս մասին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում