Թոմաս դե Վաալը ԼՂ հակամարտության հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջև կոնսենսուս է տեսնում

Թոմաս դե Վաալը ԼՂ հակամարտության հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջև կոնսենսուս է տեսնում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կա կոնսենսուս: Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: «Կան որոշակի նրբություններ, մարտավարական տարբերություններ, սակայն հակամարտության վերջնական լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների միջև տարբերություններ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց դե Վաալը:

Նրա գնահատմամբ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների վերջնական նպատակները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնն են:

Նա հավելեց, որ անջատողականության հարցում միջազգային դիրքորոշումը որոշակիորեն փոխվել է, ինչի հետևանքով Ադրբեջանը և Հայաստանը զիջումների գնալու հարցով զգուշավոր մոտեցում են ցուցաբերում:

Փորձագետը նշում է, որ Ղրիմի դեպքերից հետո Արևմտյան առաջնորդները սկսել են առավել հաճախ խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, իսկ Ադրբեջանն էլ փորձում է օգտվել դրանից և բարձրաձայնել իր տարածքային ամբողջականության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում