Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում չի ակնկալում

Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում չի ակնկալում

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել, եթե չի պահպանվում հրադադարի ռեժիմը:

Ալեքսանդր Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի ընթացքում: «Առաջին հերթին հարկավոր է դադարեցնել ատելության քարոզը: Այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանել: Կարծում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ պետք է ճնշումն ավելացնեն, ինչը մենք որոշ չափով տեսնում ենք: Կարծում եմ, որ 2017թ. հարաբերական անդորրը հենց դրա արդյունք էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց փորձագետը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանում պաշտոնական հակահայկական հռետորաբանությունը խորանում է։ Փորձագետը հիշեցրեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Երևանն ու Զանգեզուրը «վերադարձնելու» մասին: «Ադրբեջանը ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղ այցելած երրորդ երկրների քաղաքացիների, իր երկրի քաղաքացիների և լրագրողների նկատմամբ հետապնդումները։ Հայաստանում իրավիճակն այլ է։ Նախագահն ու արտաքին գործերի նախարարը հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները»,- նշեց փորձագետը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործողությունները բարդ է պատահական անվանելը։ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ Ադրբեջանը մտածված քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով շարունակել բանակցությունները և միաժամանակ ուժի օգնությամբ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ «Միայն այդպես Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը և ազդեցության որոշակի լծակներ ունենալ:

Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց, որ առաջիկա տարիներին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը նույնը կմնա, կլինեն բանակցություններ, երբեմն շփման գծում սրացումներ կլինեն, իսկ միջազգային հանրությունը կշարունակի աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այնուամենայնիվ, նրա գնահատմամբ` անհավանական է, որ հակամարտությունը կարճ ժամանակահատվածում լուծում կստանա:

Փորձագետի գնահատմամբ բանակցությունները հեշտ չեն լինի, սակայն բանակցությունների այլընտրանքն էլ պատերազմն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում