ԵՄ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում

ԵՄ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում

Հայաստանում մեկնարկել են ԵՄ Արեւելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի քննարկումները: Նիստին մասնակցում են թե՛ Եվրամիության, թե՛ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների ներկայացուցիչները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եւ այլք:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ողջունեց ներկաներին եւ մաղթեց արդյունավետ քննարկումներ: «Հանրային կառավարման բնագավառը արտացոլված է Հայաստանի եւ ԵՄ հիմնարար փաստաթղթերում, դրանցից մեկը գործընկերության առաջնայնությունների փաստաթուղթն է, որը հիմնված է նաեւ ավելի վաղ ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի դրույթների վրա: Խոսքը այստեղ վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը, դրանց ժամանակացույցին. ինչպես հայտնի է, այս բնագավառում բարեփոխումների ամբողջ ծավալը մեծապես ներառված է Հայաստանի՝ 2017-25 թվականների համապատասխան ռազմավարության մեջ»,-ասաց նա:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս հարթակը կարեւոր հնարավորություն է, քանի որ եւս մեկ անգամ ցույց է տալիս Արեւելյան գործընկերության համագործակցության շրջանակում Հայաստանի ակտիվ մասնակցությունը:

«Հայաստանը հիմնարար բարեփոխումների փուլում է: Մենք մեր աջակցությունն ենք առաջարկում, ինչպես նաև կփորձենք գործակցել հանրային կառավարման ոլորտի շրջանակում: Այդ նպատակով մենք մոտ 20 միլիոն եվրոյի աջակցություն ենք նախատեսում», – տեղեկացրեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով՝ հենց այս հարթակում երկրները կարող են փորձով փոխանակվել, մարտահրավերները նույնն են Արեւելյան գործընկերության անդամ բոլոր երկրների համար:

«Նրանք նույն վիճակում են: Հետխորհրդային շրջանում դժվար է վերափոխումներ իրականացնելը, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, խնդիրները՝ փոխվում կամ ավելանում»,-եզրափակեց Պյոտր Սվիտալսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում