«Հերացի» ավագ դպրոցում 12 դասարան կահավորվել է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ

«Հերացի» ավագ դպրոցում 12 դասարան կահավորվել է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 25 դասարանից 12-ն ամբողջությամբ վերազինվել, կահավորվել է Ճապոնիայի կառավարության աջակցությամբ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն, «Ապագան քոնն է» կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը։

Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով ավագ դպրոցում վերանորոգվել, կահավորվել և վերազինվել է սարքավորումներով 12 լսարան, 2 կաբինետ, գրադարանը և դահլիճը։

«2017 թվականին «Հերացի» ավագ դպրոցում կահավորում և սարքավորումների համալրում է եղել։ Պետությունը որոշ չափով աջակցեց՝ գույք տրամադրեց, սակայն աշակերտների թվաքանակը շատ էր աճել՝ 80-ից հասնելով 630-ի։ Այդ պարագայում գույքի կարիքն ավելի շատ էր զգացվում և ծրագրի շրջանակում 25 դասարանից 12-ը վերազինվեց ճապոնացիների շնորհիվ։ Կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի դասարանների համար սարքավորումներ, գույք և այլ պարագաներ են գնվել: Դրամաշնորհի միջոցով նորոգվեցին նաև գրադարանը, դահլիճը»,- նշեց Նարինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դրամաշնորհի միջոցով ձեռք բերված մանրադիտակների միջոցով դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Աթաջանյանն իրականացրել է հետազոտական աշխատանք խմորասնկերի վերաբերյալ և մրցույթում հաղթել։ Նա կմեկնի Կալիֆորնիա և կմասնակցի միջազգային մրցույթին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում