«Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը հիմնանորոգում է ոռոգման ցանցը

«Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը հիմնանորոգում է ոռոգման ցանցը

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին սկսելու, հողօգտագործողին ջրով ապահովելու նպատակով «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ) սկսել է ոռոգման ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արտաշատ» ՋՕԸ տնօրեն Արթուր Ղազարյանն ասաց, որ ներքին ցանցերը տիղմից մաքրելու եւ հետագա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Արտաշատի շուրջ 54 համայնքներում տեխնիկան աշխատում է ողջ օրը: 

Վեդի քաղաքում 1 կմ 500 մ հողային հունով ջրատարը պատվել է երկաթբետոնե կիսախողովակներով, ինչի շնորհիվ 100 հա տարածքները ամբողջովին կջրարբիացվեն: Դրանք նախկինում ոռոգվում էին դժվարությամբ եւ ոչ լիարժեք: Այգեզարդում ջրատարի 230 մ երկարությամբ հատվածը նույնպես պատվում է երկաթբետոնե կիսախողովակներով:

Շուտով ավարտին կմոտենան Արտաշատի տարածաշրջանի ոռոգման ներքին ցանցի նորոգման աշխատանքները: Այստեղ 800 մ քայքայված խողովակաշարը (ինչի հետեւանքով տեղի էր ունենում ջրի 50 տոկոս կորուստ) փոխարինվում է նոր կիսախողովակներով: Այժմ արդեն գյուղացին ստիպված չի լինի 1-2 օր սպասելու՝ մինչեւ ջուրը հասնի հողամաս:

Համաժամանակյա աշխատանքներ են իրականացվում նաեւ Բաղրամյան համայնքի 600 մ տարածքի վրա: Ավարտվել են Այգեպատի 460 մ ջրատարի հիմնանորոգման, կիսախողովակների տեղադրման աշխատանքները:

Կուտակված տիղմի մաքրման աշխատանքներ են ընթանում Մխչյանի 94 կմ երկարություն ունեցող ջրատարում:

Նորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ պոմպակայաններում: Թարմացվում են պոմպերի պահեստամասերը: Աշխատանքներ են տարվում նաեւ Քաղցրաշեն-Նարեկ համայնքների պոմպակայաններում:

Ղազարյանը նշեց, որ նախատեսվում է իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ ընդգրկված է շուրջ 20 համայնք: Արդեն սկսվել են հողօգտագործողների հետ պայմանագրերի կնքման աշխատանքները: «Չնայած տարին սակավաջուր է, սակայն հնարավոր բոլոր միջոցները կօգտագործվեն, որպեսզի ոռոգման տարեշրջանին հողագործները ջրի խնդրի չունենան, եւ ցանք կատարելուց հետո չկանգնեն փաստի առաջ»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում