ՍԱՊԾ-ն նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

ՍԱՊԾ-ն նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Երկրորդ տարին անընդմեջ մարտի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այս տարի սպառողի շահերը մեկ հարթակում էին համախմբել հասարակական ու գիտական, պետական կառույցների, հայաստանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, ԵԱՏՄ և ԵՄ գործընկերներին, փորձագետների, գործարարների, սպառողների: Օրակարգային բոլոր հարցերի վերջնական նպատակը մեկն էր՝ գտնել մեր երկրում սպառողի դիրքերը բարելավելու ուղիներ, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների ու նոր ծրագրերի մասին են խոսել համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, այլ բանախոսներ:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, անդրադառնալով Ծառայության կողմից իրականացվող այն ծրագրերին, որոնք ուղղված են սպառողների պաշտպանվածությանը, նշել է. «Այս ամենը հնարավորություն է տալիս դիրքավորել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որպես ոլորտում սպառողների համար անվտանգության ապահովման, իսկ արտադրողների համար՝ որակի բարձրացման երաշխավոր»: Նա տեղեկացրել է, որ Ծառայության պաշտոնական կայքում գործարկվել է վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ սպառողներին արագ իրազեկելու համակարգը, տրվել են թվային մի շարք այլ լուծումներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում արդեն գործում է «Դիտարկման կենտրոն», որը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով հետևել հանրապետության անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակին, մի տեղ համախմբել ՍԱՊԾ գործունեությանն առնչվող բոլոր տվյալներն ու արդյունքում բարելավել վերահսկողությունը: Ողջ աշխարհում սպառողների օրն այս տարի նվիրված է թվայնացմանը. հայաստանյան համաժողովի կարգախոսն էր «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ», որի շրջանակներում անդրադարձ կատարվեց սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով թվայնացված մի շարք գործընթացների և սպառողների ու տնտեսավարողների կապը Ծառայության հետ պարզեցնող համակարգերի:

Համաժողովում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեծացնելու մեխանիզմները, ինչպես նաև ռիսկերի գնահատման, ռեյթինգավորման համակագի ներդրման սկզբունքները, սննդի շղթայում գործող տնտեսավարողների գործունեությունը բարելավելու հնարավորությունները: Խոսվել է նաև սննդամթերքի անվտանգության համակարգը բարելավելու նպատակով համագործակցության ծրագրերի մասին:

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում մրցանակներ են տրվել Լիանա Հայրապետյանին, որպես տարվա իրազեկ և պահանջատեր սպառող, «Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Տաթև Խաչատրյանին՝ տարվա ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանելու համար, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և ոլորտի բարելավմանը նպաստելու համար, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Գարիկ Հակոբյանին, որպես բարեխիղճ և հեռանկարային արտադրող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում