Տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ

Տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ

Լիբանանը Մերձավոր Արևելքի բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքի մարմնավորումն է` մեկ պետության սահմանների ներքո արտացոլելով գրեթե ողջ տարածաշրջանը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հռոմում մարտի 15-ին ելույթ ունենալով Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին:

«Դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում կարող է արձագանք գտնել այս երկրում, միևնույն ժամանակ դա հնարավորություն է, որն ընձեռնում են բազմազանության առավելությունները»,- նկատել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ այդ նույն պատճառներից ելնելով՝ իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, և թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ, որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից, և վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով: «Մենք ակնկալում ենք, որ այս առումով ներկա համաժողովը կկարողանա իր ուրույն նպաստը բերել և դրան կհետևեն նաև համապատասխան գործնական քայլեր»,-նշել է Նալբանդյանը:

Նա համոզված է, որ տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ։ Այդ երկրի ազգային-կրոնական բազմերանգությունը և պատմամշակութային ժառանգությունը առանձնակի արժեք են ներկայացնում։ Համամարդկային արժեքները հատուկ պաշտպանություն կարիք ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում