Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» համալիրին նվիրաբերեց թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր

Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» համալիրին նվիրաբերեց թալասեմիա հիվանդության  բուժման համար անհրաժեշտ դեղեր

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը մարտի 16-ին ԵՊԲՀ «Մուրացան» համալիրում էր՝ համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր նվիրաբերելու նպատակով:

Յոգեշվար Սանգվանը նշեց, որ Հնդկաստանի դեսպանությունն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս նման կարևոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ներդրում ունենալ հիվանդ երեխաների բուժման գործում:

Նա վստահություն հայտնեց, որ երկարամյա համագործակցությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ շարունակական է լինելու, ինչպես կրթության, այնպես էլ կլինիկական և գիտական ոլորտում:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլախավոր բժիշկ Բագրատ Բավեյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին նվիրատվության համար՝ ընդգծելով, որ այս տարիներին բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել այն պացիենտների կողմից, որոնց կյանքի որակը էականորեն բարելավել է տրամադրված դեղերի շնորհիվ: Ի նշան երախտագիտության, նա դիվանագետին փոխանցեց համալսարանում բուժում ստացող փոքրիկներից մեկի ձեռքի աշխատանքը:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ուղեկցությամբ Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը ծանոթացավ հիվանդանոցայի համալիրի հնարավորություններին, շրջեց բաժանմունքներում:

Այս պահին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում է ստանում թալասեմիա ունեցող 31 հիվանդ, և այսօր տրամադրված դեղերի քանակը մոտ երկու տարի կբավարարի դրանց կարիքն ունեցողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում