Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է

Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է

Սփյուռքի նախարարությունում անցկացվում է «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ» գույք եւ հայրենազրկում թեմայով գիտաժողովը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում կարեւորեց նման գիտաժողովների կազմակերպումը հայ ժողովրդի նաեւ նյութական կորուստներին առնչվող խնդիրները բարձրաձայնելու համար:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգուն համահունչ մենք շարունակում ենք այս աշխատանքները ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ: Պետք է ասեմ, որ հարյուրավոր համաժողովներ են տեղի ունեցել, սակայն ավելի մանրամասն անդրադարձ ժողովրդի կորուստներին ոչ միայն մարդկային, այլեւ նյութական, այսինքն՝ լքյալ բնակավայրերի խնդիրների վերաբերյալ, շատ քիչ է եղել, եւ ես շատ ուրախ եմ, որ տարբեր կառույցներում աշխատող գիտնականները հետաքրքիր հետազոտություններ են կատարել եւ դրանք փորձում են հենց այս կլոր-սեղանների շրջանակում ի մի բերել: Այնուամենայնիվ, առաջին եւ գլխավոր խորհրդաժողովը, որտեղ լքյալ գույքի, հայերի կորուստների մասին խոսվել է, 1919 փարիզյան խաղաղության խորհրդաժողովն է եղել, որտեղ շատ մոտավոր գնահատականներով 19 մլրդ ֆրանկի կորուստ է հաշվարկվել, այսինքն՝ շուրջ 3.6 տրիլիոն դոլարի մասին է խոսքը»,-Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ քննարկումները շատ էական են, քանի որ այս հարթակում կարելի է հասկանալ, ի մի բերել, հավաքագրել այդ տեղեկությունը եւ քաղաքական, իրավական, բարոյական գնահատական տալ:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ՝ այս հարցի մասին տարիների ընթացքում բավականին զգուշորեն է անդրադարձ եղել, գրեթե չի խոսվել, եւ շատ կարեւոր է, որ նախարարությունը առաջիններից մեկն է, որ արձագանքել է այս խնդրին:

«Սփյուռքում մեր քաղաքական ուժերը կարողանում են այս խնդիրը առաջ տանել «պահանջատիրություն» ընդհանուր վերնագրի տակ, եւ բարեբախտաբար անկախությունից հետո այս խնդիրը պետականորեն առաջ է տարվում: Իմ խորին համոզմամբ՝ հատուցման հասնելու համար պետք է բարելավվի միջազգային իրավունքը, օրինակ՝ հրեաները մինչեւ հատուցման հասնելը կարողացան 1948 թվականի դեկտեմբերի 9-ի հայտնի կոնվենցիան ձեւակերպել եւ ՄԱԿ-ի մակարդակով դա հաստատել տալ, այսինքն՝ էթնիկ, ազգային, կրոնական հողի վրա կատարված սպանություն որակում է որպես ցեղասպանություն: Եվ հետաքրքիր է, այդ բանաձեւը ստեղծեց ամբողջապես Հայոց ցեղասպանություն իրողությունը Ռաֆայել Լեմկինի կողմից ուսումնասիրելու պարագայում, սակայն ում մոտ բացակայում էր մի կարևոր հանգամանք: Դա հայրենազրկումն էր, որովհետեւ հրեաների դեպքում նման բան չկար, մեր պարագան ուրիշ էր, մենք ոչ միայն էթնիկապես ցեղասպանվեցինք, այլեւ զրկվեցինք սեփական հայրենիքից: Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում