Հայաստանն իրանցի զբոսաշրջիկներին կդիմավորի «Շնորհավոր Նովրուզ» պաստառներով

Հայաստանն իրանցի զբոսաշրջիկներին կդիմավորի «Շնորհավոր Նովրուզ» պաստառներով

Հայաստանը հետաքրքիր ու գրավիչ միջոցառումներ է նախապատրաստել մեր երկրում Նովրուզը նշել ցանկացողների համար:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, սահմանային անցման կետերից սկսած իրանցի զբոսաշրջիկներին կբաժանվեն պարսկերեն բրոշյուրներ ու տեղեկատվական թերթիկներ Հայաստանի մասին: Կոմիտեի ղեկավարի խոսքով` աշխարհում միտումը գնում է դեպի անհատական զբոսաշրջությունը` առանց տուրօպերատորների աջակցության, հետևաբար, զբոսաշրջիկի հանգիստն ու ժամանցը կազմակերպված դարձնելու համար, կանոնակարգված տեղեկատվություն է ապահովվում: «Ստեղծվում է 24-ժամյա թեժ գիծ, նաև վերջերս հանդիպել ենք առողջապահության նախարարության և ոստիկանության հետ, որ ավելի ապահով դարձնենք Հայաստան զբոսաշրջիկների ուղևորությունը` հատկապես սահմանից: Ամբողջ ճանապարհին լինելու են նրանց տոնը շնորհավորող, Հայաստան բարի գալուստ մաղթող պաստառներ: Դրանք փոքր, բայց գրավիչ և աչք շոյող գործոններ են, որով ցույց ենք տալիս մեր հյուրընկալությունը: Լինելու են պաստառներ հատկապես դեպի Նորավանք, Ջերմուկ և Տաթևի ճոպանուղի, որպեսզի նրանց ուղղորդենք նաև նման վայրեր»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Կոմիտեն աշխատում է նաև Երևանի քաղաքապետարանի հետ Հյուսիսային պողոտայում և մի շարք այլ վայրերում Նովրուզի թեմաներով ձևավորումներ ապահովելու համար` տոնական տրամադրություն հաղորդելու նպատակով: Պաշտոնյան նշեց, որ այս տարի ևս ակնկալում են իրանցի զբոսաշրջիկների աճ, եթե ֆորս-մաժորներ չլինեն իրանական տնտեսությունում: Նրա խոսքով` 2017 թվականին Իրանից Հայաստան է ժամանել 220 հազար այցելու, որը 16 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից:

«Այս տարի ավելացել են Թեհրանից ուղիղ ավիաչվերթները, այնպես որ մենք ակնկալում ենք աճ, եթե Իրանում բանկային համակարգի հետ կապված խնդիրներ չառաջանան, ինչպես եղել էր մի քանի տարի առաջ, երբ դոլարի սղության պատճառով շատ իրանցիներ չկարողացան գալ Հայաստան»,-նշեց նա: Կոմիտեի նախագահն ընդգծեց, որ աշխատանքներ են տանում իրանցի զբոսաշրջիկների դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Աշխատում ենք Իրանում ՀՀ դեսպանության հետ, որ Թավրիզում, Սպահանում և Թեհրանում անցկացնենք ռոուդ-շոուներ տեղի տուրօպերատորների համար, որպեսզի կարողանանք այդ ուղղությամբ ևս իրանցի զբոսաշրջիկներ ներգրավել»:

Զեյթունցյանը հասարակության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ հայերը, լինելով հյուրընկալ ժողովուրդ, երբեմն ոչ այնքան հյուրընկալ են իրանցի զբոսաշրջիկների հանդեպ: Նա հորդորեց մեկ կամ մի քանի անձանց պատճառով ընդհանրացումներ չկատարել ամբողջ ազգի մասին և հաշվի առնել, որ պարսիկները հին ազգ են` հզոր մշակույթով:

Իրանական Նոր տարին` Նովրուզը նշվում է մարտի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում