Սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար. Վիգեն Սարգսյան

Սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 16-ին Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, մասնակցել ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:

Ողջունելով այգեպարցիներին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են և դրա վառ վկայություններից մեկը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ակտիվ ու հետևողական աշխատանքն է:

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարարի գլխավորությամբ Բերդ քաղաքի համայնքապետարանում կայացել է նաև սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ըստ ոլորտների և գերատեսչությունների քննարկվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները:

Անդրադարձ է կատարվել հատկապես սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման և լուսավորման, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հետ կապված հարցերին:

Այդ առնչությամբ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացնել նաև համայքների ղեկավարները, միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել միջգերատեսչական փոխգործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի աշխատանքը սահմանամերձ համայնքներում առաջիկայում ևս տալու է դրական ու շոշափելի արդյունք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում