Պուտինը ձայների ռեկորդային թվով հաղթել է ՌԴ նախագահի ընտրություններում՝ 76,67 տոկոս

Պուտինը ձայների ռեկորդային թվով հաղթել է ՌԴ նախագահի ընտրություններում՝ 76,67 տոկոս

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տվյալներ է հրապարակել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ներկայում հաշվարկվել են 99,75 տոկոս ձայները:

ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած:

Պուտինն արդեն շնորհավորել է իր աջակիցներին ու կողմնակիցներին հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր թիմը կարողացել է արժանի արդյունք գրանցել:

«Շատ կարևոր է անել այնպես, որ մարդիկ ձեզ հավատան, զգան անկեղծություն, հասկանան, որ այն ինչ ասում եք, ասում եք ի սրտե: Եվ դա ձեզ հաջողվեց»,- ասել է նա նախընտրական շտաբում ելույթի ժամանակ:

Ընտրությունների արդյունքում 11,79 տոկոս ձայներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում