Շարմազանովը Վլադիմիր Պուտինի հետագա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացում է ակնկալում

Շարմազանովը Վլադիմիր Պուտինի հետագա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացում է ակնկալում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահություն է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի ղեկավարման ընթացքում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ բոլոր ոլորտներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ղեկավարման բոլոր շրջաններում հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացել են:

«Նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարում, երբ Վլադիմիր Պուտինն էլ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնությունը, բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել երկու երկրների երկկողմ հարաբերություններում, մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը, երկարաձգվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը, ամրապնդվել է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում»,– ասաց Շարմազանովը:

Նա վստահ է, որ առաջիկայում էլ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական երկկողմ պետական շահերից բխող դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլն:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում