Դիոգո Պինտոն հրաժարական է տվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի տնօրենի պաշտոնից

Դիոգո Պինտոն հրաժարական է տվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի տնօրենի պաշտոնից

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակարպության տնօրեն Դիոգո Պինտոն հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացրին կազմակերպության լրատվական ծառայությունից:

«Ափսոսանքով, սակայն նաև հպարտության և երախտագիտության զգացումով, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակարպությունը հայտարարում է, որ Դիոգո Պինտոն հրաժարական է տվել կազմակերպության տնօրենի պաշտոնից և կդադարեցնի իր գործառույթները կազմակերպությունում մարտի 31-ից` սկսելով իր գործունեության հերթական փուլը` որպես ԵԽ պատգամավոր Մարիա Ջոաո Ռոդրիգեսի քաղաքական հարցերով խորհրդատու:

«Միջազգային եվրոպական շարժում» և «Եվրոպական երիտասարդական ֆորում» կազմակերպությունների նախկին գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն ստանձնել էր «EuFoA»-ի տնօրենի պաշտոնը 2016 թ. սեպտեմբերից` կազմակերպության համար բարդ ժամանակահատվածում` նպատակ ունենալով իր ղեկավարության ներքո ձևավորել ուժեղ և դինամիկ բրյուսելյան թիմ, որի վերստին մեկնարկած գործունեությունն ուղղված կլինի ԵՄ-Հայաստան կապերի ուժեղացմանն ու ԵՄ քաղաքական դաշտում կազմակերպության դիրքերի ամրապնդմանը:

Ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում պարոն Պինտոն ոչ միայն հասավ այդ նպատակին, այլև կարողացավ նպաստել կազմակերպության գործունեությանը տարաբնույթ մեթոդներով, որոնք երբեք չեն մոռացվի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Ես երախտապարտ եմ և երջանիկ, որ հնարավորություն ստացա աշխատել «EuFoA»-ի համար և նպաստել հայկական խնդիրների բարձրացմանը Բրյուսելում. ինձ համար դա պատիվ էր և առավելություն: Թեև ոգևորված եմ սպասվելիք նոր մարտահրավերների կապակցությամբ, սակայն, ցավով եմ լքում «EuFoA»-ն և գործընկերների այս թիմը: Հպարտ եմ մոտ մեկ ու կես տարվա ընթացքում գրանցած արդյունքներով և ես ուշիուշով կհետևեմ կազմակերպության հետագա ձեռքբերումներին ու հաջողություններին: Ես միանշանակ կմնամ «Հայաստանի եվրոպացի բարեկամ», իսկ Հայաստանի և Արցախի իմ ընկերները կարող ենք ինձ միշտ համարել իրենց բարեկամն ու աջակիցը»,-նշել է պարոն Պինտոն:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը եչախտագիտություն է հայտնել Պինտոյին կազմակերպությանը բերած իր նպաստի համար և մաղթել հաջողություն նոր պաշտոնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում