«Հաղթանակը դժվարությամբ տրվեց ինձ». բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր հերթական հաղթանակի մասին

«Հաղթանակը դժվարությամբ տրվեց ինձ». բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր հերթական հաղթանակի մասին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի իր ունեցան մենամարտերից այս մեկն ամենաբարդն էր:

«Հաղթանակը դժվարությամբ տրվեց ինձ: Այսպիսի հակառակորդ չեմ ունեցել, տարօրինակ բռնցքամարտիկ էր: Չափից շատ դիմացկուն էր: Նա դիմացավ 8 ռաունդ և միայն վերջում նոկաուտով հաղթանակի հասա: Կարողացա 3-րդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկել նրան, բայց կրկին ոտքի կանգնեց: Սա իմ առաջին մենամարտն էր, որ ձգվեց մինչև 8-րդ ռաունդ: Այս մենամարտը ինձ համար իսկապես մեծ փորձ եղավ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Երիցյանը:

Հայ բռնցքամարտիկի խոսքով` մենամարտից առաջ ԱՄՆ-ում անցկացրած ուսումնամարզական հավաքը դրական մեծ ազդեցություն թողեց: «Բոլոր բռնցքամարտիկներն էլ երազում են ԱՄՆ-ում հավաք անցկացնելու և «սպարինգ մենամարտեր» ունենալու մասին: Մեզ այդ հնարավորությունը տվեցին ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը և պրոումոթերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանը»,-փաստեց մարզիկը:

Առաջիկա մենամարտը, ըստ նախնական տեղեկությունների, կկայանա մայիսին:

Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյին Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթանակներ տարան: Արամ Ավագյանը հաղթեց Բուրգուտ Հաջիբոևին, Նարեկ Աբգարյանը` Բեկսուլթան Ռավշանովին, իսկ Գոռ Երիցյանը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանին: Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում