Կամո Արեյանի համոզմամբ` Երևանի բյուջեն բավարար չէ մայրաքաղաքի բոլոր խնդիրները լուծելու համար

Կամո Արեյանի համոզմամբ` Երևանի բյուջեն  բավարար չէ մայրաքաղաքի բոլոր խնդիրները լուծելու համար

Երեւանի ավագանին մարտի 19-ին հրավիրված նիստում 47 կողմ, 16 դեմ ձայների համամասնությամբ կողմ քվեարկեց Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ ֆինանսական միջոցների հնարավորությունների առումով Երևանում առկա հրատապ խնդիրները լուծում են ստացել: «Որևէ մեկն այնքան միամիտ չլինի, հավատալու համար այն համոզմանը, որ ցանկացած երկրում բյուջեն ամբողջությամբ բավարար է ծախսերն իրականացնելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի բյուջեն եւս բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար:

Արեյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի իրականացրած բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական նշանակություն: «Բյուջեի կատարողականի հետ կապված ես առաջարկում եմ գնահատականների մեջ լինել չափավոր»,-հավելեց նա:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, բյուջեի կատարողականին անդրադառնալով, նշեց, որ բյուջեով լուսավորոթյան, աղբահանության, ջեռուցման, սոցիալական հարցերին ուղղված մի շարք խնդիրներ լուծում չեն ստացել:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հավելեց, որ մայրաքաղաքում շարունակաբար շահագործման են հանձնվում բարձրահարկ շենքեր, որոնք կառուցվել են ի հաշիվ հին Երևանի շենքերի: «Ավելի լավ Երևան» ծրագրով չի իրականացվել «Հին Երևան» նախագիծը: 2017 թվականին մի շարք ծրագրեր չեն կատարվել, եւ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու և՛ բյուջեի հաշվետվությանը, և՛ զարգացման ծրագրին»,-ասաց Խաժակյանը:

Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 72 միլիարդ 479 միլիոն 69.9 հազար դրամ, իսկ ծախսերը 70 միլիարդ 990 միլիոն 187.0 հազար դրամ, որոնք, համապատասխանաբար, 100.3% եւ 97.0% ապահովել են Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարողականը: Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով փաստացի կատարողականը կազմել է 20 միլիարդ 341 միլիոն 410.6 հազար դրամ կամ 101.0%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2016 թվականի համապատասխան ցուցանիշից 595 միլիոն 347.6 հազար դրամով։

2017 թվականի բյուջեի ծրագրված 910 միլիոն 210.3 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1 միլիարդ 488 միլիոն 882.8 հազար դրամ հավելուրդով։ Միաժամանակ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել, փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում