Պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք հակառակորդին ռազմական ճանապարհով ԼՂ հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը. ՀՀ Նախագահ

Պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք հակառակորդին ռազմական ճանապարհով ԼՂ հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը. ՀՀ Նախագահ

Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Այս մասին ասել է ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է:

«Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող: Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք»,-ասել է Սերժ Սարգսյանը` նշելով, որ հենց այդ պատճառով էլ հայկական բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Նա նշել է, որ Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են:

«2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»,-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում