Շարմազանովը ՀԱՊԿ որպես դիտորդ լեգիտիմ և ժողովրդավարական է որակում ՌԴ նախագահական ընտրությունները

Շարմազանովը ՀԱՊԿ որպես դիտորդ լեգիտիմ և ժողովրդավարական է որակում ՌԴ նախագահական ընտրությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լեգիտիմ և ժողովրդավարական է որակում Ռուսաստանի Դաշնության՝ մարտի 18-ին անցկացված նախագահական ընտրությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ ընտրությունները լիովին համապատասխանել են Ռուսաստանի օրենսդրությանը: «Մենք մարտի 18-ին ողջ օրվա ընթացքում հետևել ենք ընտրությունների ընթացքին Սանկտ Պետերբուրգում: Ես ղեկավարում էի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, որում ներգրավված էին պատգամավորներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի խորհրդարաններից: Մենք առավոտյան ժամը 08:00-ին մասնակցել ենք ընտրական տեղամասերի բացմանը, դրանից հետո շրջել ենք տարբեր տեղամասերում: Մինչև ընտրությունները հանդիպում ենք ունեցել նաև ընտրական հանձնաժողովների անդամների, ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչների հետ: Կարող եմ ասել, որ ընտրությունները լիովին համապատասխանել են Ռուսաստանի օրենսդրությանը, լեգիտիմ են և ժողովրդավարական: Սա ոչ միայն մեր, այլ նաև եվրոպացի մեր գործընկերների գնահատականն է, ովքեր ևս դիտարկել են ընտրությունների ընթացքը: Մենք հանձնաժողովի անդամների կողմից ևս որևէ լուրջ դժգոհություն չենք լսել»,- նշեց Շարմազանովը:

Նա նշեց, որ մարտի 18-ին ինքը երկու անգամ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ շեշտել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով կընթանա Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը: «Ես ասել եմ, որ մենք շահագրգռված ենք ունենալ հզոր ռազմավարական դաշնակից, որը զարգացում է արձանագրում բոլոր ուղղություններով` հաշվի առնելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը բոլոր ոլորտներում: Ես ընդգծել եմ, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում ընտրություններն ընթանան բարձր մակարդակով, ժողովրդավարության կանոններին համապատասխան, ինչը մենք երեկ տեսանք»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը նաև նկատեց, որ ի տարբերություն ՌԴ վերջին խորհրդարանական ընտրությունների, որոնց ընթացքը ինքը ևս դիտարկել է, նախագահական ընտրությունների ընթացքում շատ բարձր է եղել քաղաքացիների ակտիվությունը: «Եթե խորհրդարանական ընտրություններին Սանկտ Պետերբուրգում ընդամենը 30-35 տոկոս մասնակցություն էր գրանցվել, ապա այս անգամ գրանցվել է 60 տոկոսից ավելի մասնակցություն: Ընտրական տեղամասերի մոտ հերթեր էին գոյացել, քանի որ ընտրողների մեծ ակտիվություն կար, քաղաքացիները իսկապես գնացել են ընտրության, ինչի արդյունքում Վլադիմիր Պուտինը ռեկորդային թվով ձայներ է ստացել»,- եզրափակեց Շարմազանովը:

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը: ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում