Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել խղճի ազատության մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել խղճի ազատության մասին ՀՀ օրենքի նոր նախագիծը

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական գնահատական է տվել Հայաստանում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին նոր օրենքի նախագծին: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի լրատվական ծառայությունից:

Եվրոպական կառույցները նոր օրենքի նախագիծը համարել են դրական փոփոխություն «կրոնական ու խղճի ազատության հարցերով օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով»:

Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունել են այն հանգամանքը, որ օրենքի նախագծում երաշխավորվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև յուրաքանչյուր անձի խղճի և կրոնի ազատությունը, ինչպես նաև կրոնը փոխելու ազատությունը:

Կառույցների համատեղ կարծիքում նշվում է, որ օրենքը վերահաստատում է Սահմանադրությամբ ամրագրված Հայ առաքելական սուրբ եկեղեցու «բացառիկ առաքելությունը»: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միաժամանակ կոչ են անում երաշխավորել, որ Հայ առաքելական եկեղեցուն տրամադրված արտոնություններն օբյեկտիվորեն արդարացված են և խտրականություն չեն առաջացնում:

Օրենքի նախագծի վերաբերյալ զեկույցն ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում