Շիրակի պետական համալսարանում բողոքի ալիքը շարունակվում է. այս անգամ ոտքի են կանգնել ուսանողները

Շիրակի պետական համալսարանում բողոքի ալիքը շարունակվում է. այս անգամ ոտքի են կանգնել ուսանողները

Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն դադարում: Այս անգամ, ի պատասխան դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատելու բուհի ռեկտորի որոշման բողոքում են ուսանողները: Սկսվել է ստորագրահավաք ռեկտորի հրամանի դեմ։ Ուսանողները պահանջում են բեկանել մարտի 15-ի որոշումն ու աշխատանքի վերադարձնել դասախոսներին:

Ուսանողները պահանջագիր ներկայացրել են բուհի վարչական մաս, նույն պահանջով բաց նամակ են ուղարկել նաև ՀՀ Նախագահին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դասախոսներին աշխատանքից ազատելու որոշման հաջորդ օրը Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյան տարածել էր հայտարարություն որում ասված էր. «Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից:

Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ. Համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»:

Մարտի 19-ին դասախոսներին աշխատանքի վերադարձնելու, ինչպես նաև մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի եւ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի ներկայությունն ապահովվելու դիմում-նամակին միացել էին բուհի ուսանողներից շատերը: Ուսանողները պահանջում են նաև ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունն ու հաշվետվությունը ներկայացնել համալսարանի պաշտոնական կայքում:

«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որպես ուսխորհրդի նախագահ, գիտական խորհրդի անդամ ու նաեւ զուտ որպես խղճի առաջ մաքուր մարդ. շարունակելու ենք պայքարը Շիրակի մայր բուհում արդարությունը վերականգնելու համար»,-նշում է Արմեն Մելքոնյանը՝ փաստելով, որ թեև ինքը ևս կողմ է քվեարկել գիտխորհրդի՝ դասախոսներին անվստահություն հայտնելու միջնորդությանը, հետագայում հրապարակավ հրաժարվել է այդ որոշումից:

«Գիտական խորհրդի որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելը բնականոն գործընթաց է․ սկզբում մարդն ունի համոզմունքներ, որոնք թյուրիմացաբար են ձեւավորվել, արտահայտում է այդ կերպ: Երեկ հրապարակայնորեն նշեցի, որ, չտրվելով սադրանքներին, ոչ մեկին չեմ պատասխանում ֆեյսբուքում եւ նշեցի, որ հրաժարվում եմ գիտխորհրդի բոլոր իմ ստորագրություններից եւ ետ եմ կանչում դրանք»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ իրեն չեն ստիպել որոշմանն ու միջնորդությանը կողմ քվեարկել, ապա փոխել իր կարծիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում