Զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարերի թիվը Քարվաճառում ավելացավ եւս մեկով

Զոհված ազատամարտիկների հիշատակի խաչքարերի թիվը Քարվաճառում ավելացավ եւս մեկով

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի տարածքում, Թարթառ գետի ափին, տեղադրվեց Քարվաճառի ազատագրական մարտերում զոհված Գավառի տարածքի ազատամարտիկների հիշատակը հավերժող խաչքարը: «Արմենպրես» -ի տեղեկացմամբ՝ խաչքարի պատրաստման եւ տեղադրման նախաձեռնությունը պատկանում է ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին: Խաչքարի տեղադրման եւ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը , մարզպետարանի աշխատակիցներ, ԵԿՄ վարչության բարձրաստիճան այրեր, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը, Արցախի Հանրապետության եւ Գավառի տարածաշրջանի տարբեր համայնքների ղեկավարներ, Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցներից ներկայացուցիչներ, պատանի երկրապահների ջոկատներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհված բոլոր ազատամարտիկների հիշատակը: Նորաբաց խաչքարն օրհնվեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի եւ Արցախի N զորամասերի գնդերեցների կողմից:

«25 տարի առաջ քաջարի հայ զինվորներն ազատագրեցին Քարվաճառի շրջանը՝ իրենց պատմական հայրենիքի մի մասը, որը շուրջ 2 դար գերի էր քոչվորների ձեռքում: Այստեղ թուրքալեզու բնակիչները հետեւողականորեն փորձել են ոչնչացնել հայկական մշակույթի հետքերը, քանդել կամ հողի տակ թաղել մեր եկեղեցիներն ու խաչքարերը : Ազատագրական առաջին մարտերից սկսած եւ ինքնապաշտպանական կռիվներով վերջացրած, այս շրջանում քաջաբար զոհվել են նաեւ Գավառի տարածաշրջանի հայորդիները: Հիմա ժամանակն է, որ մենք ըստ արժանվույն գնահատենք նրանց սխրանքը՝ այն հավերժացնելով դարերում»,-բացման խոսքում նշեց ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը:

Ոգեկոչման խոսքեր հնչեցրին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր- Ներսես քահանա Սահակյանը, զոհված ազատամարտիկ Զոհրաբ Շհոյանի քույր Սիլվա Շհոյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Վազգեն Վարդանյանը, Գեղարքունյաց թեմի ատենապետ Սարո Ղազարյանը, Արցախի Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Հայասեր Գաբրիելյանը: Այնուհետ ներկաները խաչքարին ծաղիկներ դրեցին եւ իրենց խոնարհումը բերեցին արիաբար ընկածների հիշատակին: Վազգեն Վարդանյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ԵԿՄ Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանին պարգեւատրեց «Հայրենյաց պաշտպան» մեդալով:

Խաչքարը հավերժացնում է զոհված երկրապահներ Սերյոժա Հրանտի Ավետիսյանի, Գագիկ Վահրամի Գալստյանի, Վարդան Վասիլի Գասպարյանի, Արսեն Մեգրետարի Կատվալյանի, Զոհրաբ Արշավիրի Շհոյանի, Հրաչիկ Սերյոժայի Մխիթարյանի, ժամկետային զինվորներ Արթուր Գեղամի Բլդեյանի, Արտակ Ավետիքի Գասպարյանի, Մանվել Ռաֆիկի Գասպարյանի, Մաքսիմ Զավենի Սմբատյանի հիշատակը, ովքեր տարբեր ժամանակներում քաջաբար ընկել են Քարվաճառի համար մղվող մարտերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում