Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ԱՌԿ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի համար աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություններում իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներն ու դրանց արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից ներկայացված ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացվում է տեխնիկական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն բարելավվել է Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: ԱԻ նախարարը շեշտեց, որ Հիդրոմետ ծառայության դերակատարումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ ճիշտ կանխատեսումները ապահովում են գյուղատնտեսության ոլորտի անխափան ֆունկցիոնալությունը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից ծրագրի շրջանակներում մշակվել են հանրապետության «Սեյսմիկ վտանգի» և «Սեյսմիկ գոտիավորման» քարտեզներ, որոնցում ներառված է երկրի յուրաքանչյուր համայնքի սեյսմիկ վտանգի մանրամասն նկարագիրը: Քարտեզները հնարավորություն կտան թարմացնելու կառուցապատման նորմերը և ցանկացած վայրում կառուցապատում իրականացնելիս հստակ հաշվարկել սեյսմիկ ռիսկերը:

Համաշխարհային բանկի պատվիրակությունը գոհունակություն հայտնեց իրականացված համատեղ աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ վերահաստատելով ծրագրի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում