ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի գործողությունների առնչությամբ

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի գործողությունների առնչությամբ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն լուրերի առնչությամբ, որոնք վերջին 48 ժամերի ընթացքում ստացվում են Աֆրին քաղաքից: Գերազանցապես քուրդ ազգաբնակչություն ունեցող քաղաքի բնակչության մեծամասնությունը թուրքական զինուժի և թուրքերի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերի հարձակման սպառնալիքի հետևանքով տարհանվել է»,- ասվում է հայտարարության մեջ՝ հերթական անգամ ընդգծելով, որ ամերիկյան կողմը բազմիցս Թուրքիային հայտնել է իր մտահոգությունները Աֆրինում տիրող իրավիճակի վերաբերյալ:

ԱՄՆ-ն հորդորել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ներգրավված դերակատարներին, այդ թվում և Թուրքիային ու Ռուսաստանին չխոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործողությունները Աֆրինում:

Պետդեպից արձանագրել են, որ թեպետ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի իր գործընկեր Թուրքիային, այդուհանդերձ Աֆրինում թուրքական կողմի գործողությունները միայն վնաս են հասցրել այդ տարածքաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: «Սա լուրջ և ահագնացող վտանգ է: Կոչ ենք անում Սիրիայի բոլոր դերակատարներին կենտրոնացած մնալ ԻՊ սպառնալիքի դեմ պայքարի հարցում»,– ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:

Թուրքիայի զինված ուժերը մարտի 19-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել սիրիական Աֆրին քաղաքի նկատմամբ: Թուրք զինվորները տապալել են քաղաքի կենտրոնում կանգնեցված և քրդերի համար կարևոր նշանակություն ունեցող Քավայի՝ հերս-դարբինի արձանը: Բացի այդ, քաղաքային իշխանության շենքի վրա բարձրացվել է Թուրքիայի դրոշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում