Գավառի տարածքի զինծառայողների ծնողներն իրենց զավակների հետ տեսակցեցին Արցախի զորամասերում

Գավառի տարածքի զինծառայողների ծնողներն իրենց զավակների հետ տեսակցեցին Արցախի զորամասերում

Գավառի քաղաքապետարանի եւ «Գեղարեգ» կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Արցախ մեկնեցին Գավառի տարածքի ժամկետային զինծառայողների ծնողները՝ հանդիպելու իրենց զավակների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, Գավառի քաղաքապետարանի ծախսերով «Գազել» մակնիշի երկու ավտոմեքենաներով Արցախի Հանրապետություն են մեկնել 22 զինծառայողների ծնողներ՝ տեսակցելու իրենց զավակների հետ: Տեսակցություն է կազմակերպվել նաեւ Պաշտպանության բանակում ծառայող Գավառի մանկատան սանի հետ: Յուրաքանչյուր զինծառայող Գավառի քաղաքապետի կողմից ստացել է սնունդ եւ հիգիենայի պարագաներ պարունակող փաթեթներ:

Տեսակցությունը տեւել է ավելի քան 7 ժամ: «Ամիսներ շարունակ մենք հնարավորություն չունեինք տեսնելու մեր զավակներին: Գավառի քաղաքապետարանի եւ «Գեղարեգի» շնորհիվ մենք կարողացանք առնել մեր կարոտը, նաեւ տեսնել Արցախ աշխարհը, անձամբ համոզվել, որ մեր երեխաները ոչ միայն ապահով ձեռքերում են, այլ նաեւ կոփված են հոգով ու մարմնով, դարձել են հայրենիքի հուսալի պաշտպաններ»,-նշեցին զինծառայողների ծնողներն ու հարազատները:

«Տեսակցության կազմակերպման համար մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Պաշտպանության բանակի հրամանատարությունը՝ տարբեր ու իրարից մեծ հեռավորությամբ գտնվող զորամասերից երեք վայրեր տեղափոխելով Գավառի տարածքի զինծառայողներին: Ծնողների հետ զինվորներին տեսակցության էին եկել տատիկներ, պապիկներ, եղբայրներ ու քույրեր: Զինվորները խոստովանում էին, որ ծնողների ու հարազատների հետ հանդիպումը իսկական նվեր էր իրենց համար»,- նշեց «Գեղարեգ» ԿՄԵ ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ նման այցերի կազմակերպումը կկրի մշտական ու շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում