Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստը

Հայաստանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստը

Երեւանում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստին մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, ում հրավերով եւ Ֆրանկոֆոնիայի ԽՎ պատվիրակությունը ժամանել է Հայաստան: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նիստի մեկնարկին հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է պատվիրակությանը հյուրընկալել Երեւանում: Նա իր երախտագիտությունը հայտնեց առաջարկն ընդունելու եւ նիստը Երեւանում անցկացնելու համար, ինչը չափազանց կարեւոր է Հայաստանի համար:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւոր է համարում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան: «Իհարկե մենք շատ ուրախ ենք, որ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին, մենք նաեւ կազմակերպում ենք տարբեր ձեւաչափերով հանդիպումներ: Սա միայն ողջունելի եւ բավականին լուրջ ներկայություն է: Շատ երկրներից մոտավորապես մի քանի տասնյակ պատգամավորներ են եկել այստեղ, եւ ես կարծում եմ՝ դեպի գագաթնաժողովի նախապատրաստական ուղին սա կարևոր խթան կլինի»,-ասաց նա:

Պատվիրակության կազմում են աշխարհի 27 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, ընդհանուր թվով, 50 պետական-քաղաքական գործիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում