ԵԽ-ի անդամ երկրների շարքում Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առումով

ԵԽ-ի անդամ երկրների շարքում Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առումով

Հայաստանի համար շատ կարևոր է մարդու իրավունքների վերականգնումը և այնպիսի մեխանիզմների ներդրումը, որպեսզի ապագայում կանխվի այդ խախտումների հավանականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 20-ին «Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

«ԵԽ-ի բոլոր անդամ երկրներից Հայաստանը առաջատարներից մեկն է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առումով: Այստեղ շատ կարևոր է գնահատել, որն է մեր երկրի արդյունավետությունը, քանի որ ՄԻԵԴ-ի վճիռները կատարելը ֆորմալ գործողություն չէ: Դա ենթադրում է երկու կարևոր հանգամանք` մարդու իրավունքների հնարավորինս վերականգնում և այնպիսի համակարգի ստեղծում, որն ապագայում կկանխի նմանատիպ խախտումների հավանականությունը: Հայաստանը առաջատարներից մեկն է հենց այդ առումով, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրի համար առաջնահերթություն է, և մենք փորձում ենք այնպիսի մեխանիզմներ ներդնել, որպեսզի ոչ միայն վերականգնի մի անձի իրավունքը, այլ նաև հետագայում բացառվեն նմանատիպ այլ դեպքերը»,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանը խոր հարգանք ունի մարդու իրավունքների նկատմամբ:

Խոսելով միջոցառման նպատակների մասին՝ Կոստանյանը նշեց, որ քննարկվելու են քրեական արդարադատություն իրականացնող համակարգի բարեփոխումներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության, խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների ստեղծմանը վերաբերող հարցերը:

«Հենց դրանով է պայմանավորված այս միջոցառումը` քննարկել մեր իրավապահ համակարգի բարեփոխումներն այն իմաստով, որ դրանք առավելագույնս համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության դրույթներին:

Մենք հրավիրել ենք ԵԽ գլխավոր դատախազության ասոցիացիայի փոխնախագահին, Իտալիայի զինվորական դատախազին, որպեսզի գործնական քննարկում կազմակերպենք, թե ինչպես անել, որպեսզի Հայաստանում և՛ ոստիկանության, և՛ քննչական, և՛ դատախազական ապարատները առավելագույնս արդյունավետ գործեն»,– ասաց Կոստանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում