Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը լավագույն լուծումն է համարում

Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը լավագույն լուծումն է համարում

Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունն ու նրա կոալիցիոն գործընկեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են վարչապետի թեկնածու ներկայացնելու շուրջ քննարկումները, սակայն շատ պատգամավորներ այդ պաշտոնում տեսնում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Եվ, ինչպես հայտնի է, շատ պատգամավորներ ունեն իրենց կարծիքը: Եվ ես գաղտնիք բացած չեմ լինի, որ յուրաքանչյուրը, գուցե, իր փաստարկումը ունենալով, այո, գտնում է, որ հանրապետության վարչապետի պաշտոնում նպատակահարմար է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- նշեց Ֆարմանյանը:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը խոսել էր այն մասին, որ չունի հավակնություններ վարչապետ դառնալու:

«Նա վերահաստատեց, որ ինչ վերաբերում է հավակնություններին, այո, նման հավակնություններ չկան: Բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ, որը վկայում է հետևյալի մասի՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում խորհրդարանական մեծամասնությանն է պատկանում վարչապետի թեկնածուին ներկայացնելու սահմանադրական իրավունքը: Այդ քննարկումները դեռ շարունակվում են»,- ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ չի ցանկանում, որ նման որոշումները կայացնելիս կտրվեն իրականությունից, այլ ելնեն ռեալ իրականությունից, որն այսօր գոյություն ունի: «Գոնե իմ պատկերացմամբ՝ իրականությունը հստակ է՝ կա խորհրդարանական մեծամասնություն, կոալիցիա, որը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Ես ինքս այդ պաշտոնում տեսնում եմ նախագահ Սերժ Սարգսյանին»,- նշեց Ֆարմանյանը:
Հարցին՝ ի՞նչ իրողությունների մասին է խոսքը, արդյոք ՀՀ-ում չկա՞ որևէ այլ թեկնածու, ով պատրաստ է ստանձնել պետության ղեկավարի դերը, Ֆարմանյանն ասաց, որ կան՝, պարզապես ռեալ իրողությունների մեջ, քաղաքական իրատեսության շրջանակներում լավագույն ընտրություն է պետք կատարել: «Մեր քաղաքական թիմի, կոալիցիայի տեսանկյունից, իմ պատկերացմամբ, լավագույն լուծումը դա է»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում