Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վերահսկողությունն իրականացնող դեպարտամենտի հետ

Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վերահսկողությունն իրականացնող դեպարտամենտի հետ

Նախարարների կոմիտեի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման նոր չափորոշիչների ներդրմամբ ակտիվացել է Հայաստանի համագործակցությունը համապատասխան կառույցների և, հատկապես, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը իրականացնող դեպարտամենտի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 20-ին «Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը: Նրա խոսքով` այս պահին Հայաստանն ունի ՄԻԵԴ-ի 47 փակված վճիռներ, իսկ 34 վճռի կատարման վերահսկողական գործընթացը դեռ շարունակվում է:

«Այս համագործակցությունն արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքները, և դրանց մասին խոսվել է քաղաքական շրջանակներում: Թեպետ հսկման փուլում գտնվող վճիռների քանակը այդքան մեծ չէ, բայց դրանցից մի քանիսի արձանագրված խախտումները իրենց բնույթով խնդրահարույց են, և այս առումով չափազանց կարևորում ենք դրանց ուղղությամբ լուծումներ գտնելու համար նման ձևաչափով քննարկումների անցկացումը»,- ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով` հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում ) հոդվածներով վճիռներ ունենալու դեպքում քննարկումներ են լինում համապատասխան ուժային կառույցների հետ, մասնավորապես` ՀՀ դատախազության, ոստիկանության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և Պաշտպանության նախարարության հետ:

«Այդ համագործակցությունը նախատեսում ենք բարձրացնել և դնել իրավական հարթության վրա՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով»,- ասաց Ասատրյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում