Աշոտյանը հույս հայտնեց, որ «Ելք»-ը չի քայքայվի, Մարուքյանն էլ դաշինքի մահվան մասին լուրերն ուռճացված համարեց

Աշոտյանը հույս հայտնեց, որ «Ելք»-ը չի քայքայվի, Մարուքյանն էլ դաշինքի մահվան մասին լուրերն ուռճացված համարեց

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ելք» դաշինքին կոչ է անում օգտվել միջազգային փորձից և ստեղծել ստվերային կառավարություն,ինչը հնարավորություն կտա հանրությանն այլընտրանքային քաղաքական օրակարգ տալ: «Երբ ես մեկ շաբաթ առաջ արեցի այս հրապարակային առաջարկը, իմ գործընկերները մի քիչ քննադատեցին առաջարկությունը, որովհետև առաջինը այն հնչել է իմ կողմից: Կարող եք մոռանալ այդ մասին, պարզապես օգտվեք միջազգային փորձից, շարժվեք այդ ճանապարհով և ստեղծեք խորհրդարանական հանրապետությանը հարիր քաղաքական մշակույթ, որովհետև մենք մեր սահմանադրական պարտավորությունները ժամանակին կատարում ենք, սակայն առանց ձեզ չենք կարող իրականացնել խորհրդարանական ինստիտուցիոնալ ձևաչափը, մանավանդ որ դա տեղավորվում է ձեր խմբակցության ղեկավարի «ինստիտուցիոնալ ընդդիմություն» կարգախոսի ներքո»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ չի ցանկանում «Ելք»-ը դիտարկել որպես ստահոդ ընդդիմություն: «Այսօրվա որոշ ելույթներից հետո ստահոդ բառը կարելի է տարածել ընդդիմության որոշ հատվածի վրա, սակայն ես չեմ ցանկանում այդպես անել, որովհետև մենք ոչինչ չենք արել, որ դուք խորհրդարան մտնեք, դուք ձեր աշխատանքով եք խորհրդարան մտել: Մի վարկաբեկեք ձեր իսկ հաջողությունները»,- հավելեց Աշոտյանը:

Նա հույս հայտնեց, որ խորհրդարանում «Ելք»-ի հետ աշխատանքը կշարունակվի քաղաքակիրթ երկխոսության մշակույթի ներքո: «Նախորդ խորհրդարանում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը: Հուսամ «Ելք»-ին նույն ճակատագիրը չի սպասվում»,- եզրափակեց Աշոտյանը:

Արմեն Աշոտյանի հայտարարությանն արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Պարոն Աշոտյան, երջանկության օրը տխուր բաներից եք խոսում»,- կատակեց Աժ փոխնախագահը:

Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով արձագանքեց Արմեն Աշոտյանի ելույթին: ««Ելք» դաշինքի փլուզվելու մտահոգությունը, չեմ կարծում, որ իշխանությունների մտահոգությունն է, որովհետև իշխանությունները միշտ էլ նպաստել են, որ դաշինքները փլուզվեն, միշտ էլ խանգարել են, որ ընդդիմությունը կայանա, ընդդիմությունը լինի ինստիտուցիոնալ, քանի որ երբ ընդդիմությունը ուժեղանում է, իշխանությունը տեսնում է, որ իրեն փոխարինողը ուժեղացել է: Ամեն դեպքում նախկին փորձն այդպիսին է եղել, իսկ «Ելք»-ի մահվան մասին լուրերն ուռճացված են»,- ասաց Մարուքյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում