Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ «Ելք»-ի ներսում կայացված տարբեր որոշումների առկայությունը պառակտման չի բերի

Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ «Ելք»-ի ներսում կայացված տարբեր որոշումների առկայությունը պառակտման չի բերի

«Ելք»-ի դաշինքի կազմում գործող երեք կուսակցությունները որոշել են միմյանց չկաշկանդել ծրագրերի իրականացման հարցում: Ազգային ժողովում հերթական քառօրյա նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Երեկ մենք հայտարարել էինք, որ երեք ճանապարհային քարտեզների վերաբերյալ չկա կոնսենսուս, այսինքն՝ ունեցել ենք երեք տարբերակ, եւ երեք տարբերակը չի դարձել մեկ: Որոշել ենք, որ եթե կուսակցություն կա, որը ցանկություն ունի առանձին գործողություն իրականացնելու, ապա մենք մեկս մյուսի ձեռքը չենք բռնելու, որ իր հավատացած, իր պատկերացրած գործողությունների պլանը իրականացնի: Սա է եղել որոշումը, եւ որից հետո քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է, որ ունի քարտեզ, որը կհրապարակի»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դաշինքը կշարունակի գործել իր հուշագրի շրջանակում այնպես, ինչպես գործել է մինչ օրս:

«Երեք ուժերի ծրագրում կա փողոցային պայքարի բաղադրիչ, այսինքն՝ նախատեսում ենք փողոցային պայքար, բայց տակտիկական գործողությունների, ձեւակերպումների տարբերություն կա, որը ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն չտվեց»,-ասաց ԱԺ պատգամավորը եւ հավելեց, որ իրավասու չէ հրապարակել որեւէ ուժի ճանապարհային քարտեզը:

Հարցին, թե նման որոշումների հաճախակիությունը արդյո՞ք չի բերի պառակտման, Էդմոն Մարուքյանը նշեց, որ հուսով է՝ դրան չի բերի:

«Ինչ-որ պահի ամեն ինչ էլ կարող է լինել. ես եթե-ներով չեմ ուզում խոսել»,-եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում